Նորություններ
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոն՝ Արագածոտնում
12.09.2012
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկվել են «Ֆոլկլորը աշխարհի խաղաղության համար» խորագիրը կրող միջազգային փառատոններ, որոնց կարգախոսն է` ,,Աշխարհի մշակութային հարստությունը, դա ժողովուրդների բազմազանության երկխոսությունն է,,:
2011 թվականից սկսած՝ ,,Ավանդական Տոների Վերածնունդ,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանը եւս միացավ այս նախագծին: Իրականացվել են ավանդական ծեսերին, ավանդույթների, մշակույթի պահպանմանը միտված մի շարք նախագծեր, որոնց մասնակից են եղել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ՝ մարզերի բնակիչները:
Դրանցից մեկը ,,Հայաստանը խաղաղության խաչմերուկում,, ֆոլկլորային փառատոնի կազմակերպումն է, որ մեկնարկել է սեպտեմբերի 8-ից 14-ը: Այն իր մեջ ներգրավում է ֆոլկլորային, երգչախմբային, պարային եւ թատերական համերգային ներկայացումներ, ինչպես նաև շրջիկ ցուցահանդեսներ եւ նպատակ ունի մշակույթի միջոցով նպաստել աշխարհի ժողովուրդների միջև երկխոսության ստեղծմանը:
,,Ավանդական Տոների Վերածնունդ,, կազմակերպության ղեկավար Հասմիկ Բաղրամյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իրենք ամբողջությամբ անցկացնելու են Արագածոտնի մարզի համայնքներում: Ծրագրում ընդգրկված են տեղի ազգային-ազգագրական համույթները եւ Իտալիայի ,,Չիոչիարիա,, մշակութային ասոցիացիայի, ,,Վալլե դի Կոմինո,, Ֆոլկլորային խումբը:
Սեպտեմբերի 11-ին կայացավ առաջին համերգային ծրագիրը: Այն անցկացվեց Կարբի գյուղում, որն, հիրավի, ամբողջությամբ վեր էր ածվել ֆոլկլորային արվեստի իրական բեմահարթակի:
Իտալիայից եւ մայրաքաղաքից ժամանած խմբերը հյուրընկալվեցին Վահան Թեքեյանի անվան դպրոցում, որի դահլիճում էլ կայացավ համերգը: Հայկական ժողովրդական, ազգագրական երգ ու պարով, փոքրիկ մանրապատումային երաժշտական կատարումներով հանդես եկավ ,,Տոնացույց,, համույթը: Իսկ ,,Վալլե դի Կոմինո,,Ֆոլկլորային խումբը ներկայացավ իտալական ազգային հնչեղ եւ գունեղ երգ ու պարով: Համերգի ընթացքում մեկտեղվեց երկու տարբեր ազգերի ֆոլկլորային երաժշտությունը՝ խորհրդանշելով հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամությունը: Փառատոնի ավարտին հյուրերը մասնակիցը եղան հայկական ճոխ եւ ավանդույթներով լի հյուրասիրության:
Փառատոնն իր շարունակությունն ունեցավ սեպտեմբերի 12-ին՝ Ուջան գյուղում, որտեղ եւս օրը վերածվեց ազգային ավանդական երգ-երաժշտության իսկական տոնախմբության: