Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

10.08.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ, որտեղ ծանոթացավ առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերով մարզի մի շարք կառույցների` հիմնականում դպրոցական շենքերի վերանորոգման ընթացքին:
Ծրագրերն ուղղված են մարզերում հրատապ խնդիրների լուծմանը`համայնքային նշանակության շինությունների հիմնանորոգմանը, ճանապարհների վերակառուցմանը, շենքերի տանիքների, օրվա կարգավորիչ ջրամբարների, պոմպակայանների, ոռոգման համակարգերի վերանորոգմանը:
Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով հատկացվել է 2 մլրդ 1մլն 950 հազար դրամ, որով մարզի 114 համայնքներից շուրջ 87 տոկոսում իրականացվել եւ ընթացքի մեջ է 76 ծրագիր:
Փոխվարչապետն Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ այցելեց Գեղադիր եւ Վարդենուտ համայնքներ: Երկու համայնքում էլ հրատապ երկրորդ ծրագրով վերանորոգվում են համայնքների դպրոցները, այս նպատակով հատկացվել է համապատասխանաբար 90 մլն եւ 120 մլն դրամ:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքներն ավարտական փուլում են, եւ դպրոցները շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին` հնարավորություն տալով նոր ուսումնական տարին սկսել վերանորոգված եւ լուսավոր դպրոցներում:
Համայնքների բնակիչները փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրին համայնքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես`Գեղադիրում համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանի մոտ բարձրացրին խմելու ջրամատակարարման կարգավորման հարցը: Տեղեկացվեց, որ "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերությունը օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցել տարածաշրջանի մի շարք համայնքների համար, վերանորոգել է ջրամատակարարման ներքին ցանցը,սակայն աշխատանքները մնացել են անավարտ, եւ համայնքների ջրամատակարարման խնդիրները դեռեւս չեն լուծվել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ընկերության ղեկավարությունը կայցելի տարածաշրջան եւ մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի` բարձրացված հարցերը քննարկելու եւ լուծումներ տալու նպատակով:
Վարդենուտ համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում համայնքի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված խնդիրներ:Գյուղը գազիֆիկացվելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից` համայնքի համաֆինանսավորմամբ: Աշխատանքների անխափան եւ արագ կազմակերպման նպատակով փոխվարչապետը համայնքի ղեկավարին առաջարկեց չուշացնել եւ ժամանակին վճարել համայնքի համար սահմանված համաֆինանսավորումը:
Ափնագյուղ համայնքում եւս Ա.Գեւորգյանը ծանոթացավ համայնքի դպրոցի վերանորոգման ընթացքին: Դպրոցի շենքի շինաշխատանքների համար գումար հատկացվել է հրատապ երրորդ ծրագրով `35մլն դրամ:Դպրոցում վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել եւ կավարտվեն հոկտեմբերի վերջին:
Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն ավարտել հնարավորինս արագ եւ կազմակերպել այնպես, որպեսզի սեպտեմբերին չխանգարի ուսումնական գործընթացներին` միաժամանակ կարեւորելով որակյալ, անթերի աշխատանքների իրականացումը:
Ա.Գեւորգյանը նշեց, որ առաջնահերթ խնդիրներից է հանրակրթական հաստատությունների վերանորոգումը եւ մարզերում կրթության համար նպաստավոր պայմանների ստեղծումը`ընդգծելով,որ մարզերում եւս պետք է հնարավորություն ստեղծվի կրթություն ստանալ բարեկարգ, ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցներում:
Արագածոտնում հրատապ երեք ծրագրերով կվերանորոգվի 20 դպրոց:
Փոխվարչապետն աշխատանքային այցի շրջանակում նաեւ եղավ Սասունիկ համայնքում,որտեղ հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 40 մլն դրամով ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան կիսախարխուլ շենքը:
Ա. Գեւորգյանին զեկուցվեց, որ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն սահմանված ժամկետում:
Այցի ընթացքում փոխվարչապետը տեղեկացվեց նաեւ Ապարան քաղաքով անցնող միջպետական նշանակության ճանապարհի 3 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին, որոնք մեկնարկել են ս.թ. օգոստոսի սկզբին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14