Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության նախարարն այցելեց Արագածոտնի մարզ

30.07.2012


Առողջապահության ոլորտի գործընթացներին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելեց Արագոծոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նա եկավ մարզի 4 տարածաշրջաններում: Տեղերում հանդիպումներ կայացավ բուժհաստատությունների աշխատակիցների հետ, եւ քննարկվեցին ոլորտին առնչվող հիմնախնդիրները:
Ծաղկահովիտի հիվանդանոցում իբրեւ առաջնային հարցեր կարեւորվեցին շենքի հիմնանորոգումը, նոր սարքավորումների ձեռքբերումն ու մասնագիտական կադրերով ապահովվածությունը: Նշվեց, որ այստեղ հատուկ մոտեցում պետք է դրսեւորել նմանատիպ հարցերի լուծման ուղղությամբ, քանի որ տարածքը գտնվում է բարձր լեռնային գոտում: Շուրջ 15 հազար բնակչություն սպասարկող բժշկական կենտրոնում նախարարը ծանոթացավ ծննդատան, շտապ օգնության կայանի, մանկական եւ մյուս բաժանմունքների աշխատանքների կազմակերպմանը եւ առկա հիմնախնդիրներին: Նա խոստացավ աջակցել նշված խնդիրների լուծմանը, միաժամանակ առաջարկելով մարզպետին` քննարկել բժշկական կենտրոնի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մարզ ուղեգրված մասնագետներին ծառայողական բնակարաններով ապահովելու հարցը:
Հարցերի շրջանակը համեմատաբար այլ էր Ապարանի բժշկական կենտրոնում: 2011 թվականին հիմնանորոգված, նոր սարավորումներով կահավորված, ժամանակակից լավագույն պայմաններ ունեցող այս հաստատությունում շուտով նաեւ ակնաբուժական բարձրորակ ծառայություն կմատուցվի։ Այդ նպատակով ձեռք են բերվել աչքի վիրահատությունների համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ, իսկ մասնագետն ուղարկվել է վերապատրաստման:
Հիմնանորոգումների անհրաժեշտության, նոր եւ ժամանակակից սարքավորումներով ապահովվածության, տեղերում բուժսպասարկման ծառայության ընդլայնմանն ուղղված հարցադրումներ եղան նաեւ Թալինի եւ Աշտարակի բժշկական կենտրոններում: Իսկ այս տարի շահագործման հանձնված Կոշ գյուղի «Արմենակ եւ Աննա Թադէոսյանների անվան բուժարան»-ում քննարկվեց կենտրոնի աշխատանքների կազմակերպման բարելավման հարցը: Նախարարի եւ մարզպետի կողմից պատրաստակամություն հայտնվեց խնդիրը քննարկել նաև կենտրոնը կառուցած բարերարների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14