Նորություններ
Կիրականացվեն առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր
09.07.2012
Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ նպատակով կառավարությունը մարզին, ընդհանուր առմամբ, հատկացրել է 667,950,000 դրամ:
Սա համանման երրորդ ծրագիրն է, եւ ինչպես նախորդ երկուսում, այս անգամ էլ այն իր մեջ ներգրավել է առավել հրատապություն ներկայացնող հիմնախնդիրները: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով մանրակրկիտ ուսումնասիրություններ են կատարվել համայնքներում՝ նախանշելու համար դրանցում տեղ գտած կարեւորագույն հիմնախնդիրները: Դրանք վերաբերում են կրթական, մշակութային, մարզական կառույցների հիմնանորոգմանն ու կառուցմանը, բնակելի թաղամասերի գազիֆիկացմանը, տարածքների բարեկարգմանը, ոռոգման ներտնտեսային ցանցերի համաֆինանսավորմանը եւ այլն:
Ծրագրում առանձնակի տեղ ունի դպրոցաշինությունը: Հիմնական վերանորոգման են ենթարկվելու Օհանավանի եւ Սիփանի դպրոցները, իսկ մասնակի նորոգումներ են կատարվելու 8 դպրոցում՝ Կայքում, Ակունքում, Ափնայում, Եղիպատրուշում, Կաթնաղբյուրում, Դաշտադեմում, Թլիքում եւ Շամիրամում: Մասնակիորեն վերանորոգումներ են կատարվելու նաեւ Բազմաղբյուրի, Ավշենի, Ոսկեթասի, Թաթուլի մշակույթի տներում:
Ծրագրի շրջանակում իրականացվելու են նաեւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքներ, համաձայն որի, գազիֆիկացվելու են Լուսագյուղի եւ Անտառուտի բնակելի թաղամասերը, իսկ 5 համայնքում գազիֆիկացման համար կատարվելու է համաֆինանսավորում:
Այդուհանդերձ, ծրագրում առանձնակի տեղ է հատկացվել բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ, վերանորոգվելու է 16 շենքի տանիք, որից 2-ը՝ Աշտարակում, 3-ը՝ Ապարանում, 1-ը՝ Ծաղկահովիտում, 7-ը՝ Արտենիում, եւ 3-ը՝ Թալինում:
Ծրագրի իրականացումն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի, այն ամբողջությամբ կավարտվի այս տարվա ընթացքում: Ներկայումս ավարտվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները, եւ սկսվել է շինարարական գործընթացը: