Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Հայաստանի գրողների միության Արագածոտնի մարզային մասնաճյուղի հերթական միջոցառումը

26.06.2012


Վերջին երկու տարում կտրուկ վերափոխվել է Հայաստանի գրողների միության Արագածոտնի մարզային մասնաճյուղի գործունեությունը: Անցած տարվա սկզբից, երբ մասնաճյուղի ղեկավարման գործը ստանձնեց մշակույթի անխոնջ գործիչ, բոլորիս հայտնի բանաստեղծ ու նկարիչ Արևշատ Ավագյանը` մարզպետարանի աշխատակազմի հետ սերտ համագործակցության ստեղծումն էր, որի արդյունքում իրար հաջորդեցին համատեղ միջոցառումներ` մարզի արվեստի ու գրականության ստեղծագործողների հանդիպումներ, գրական երժշտական ցերեկույթներ, նոր ծրագրերի ու առաջարկությունների քննարկումներ: Առավել կարևոր ու գնահատելին այն է, որ միջոցառումները չեն սահմանափակվում լոկ միայն մարզը ներկայացնող Հայաստանի գրողների միության անդամներով, որոնց թիվն ի դեպ քիչ չէ, այլ ընդգրկում են ստեղծագործական տարբեր շերտերի ներկայացուցիչներին` երաժշտության, պարարվեստի, ասմունքի և այլն:
Այս անգամ, որը շատ ողջունելի է, մասնաճյուղի, մարզպետարանի և Հայաստանի գրողների միության համատեղ միջոցառման վայր էր ընտրվել Երևանը, գրողների միության մեծ դահլիճը: Սեպտեմբերի 20-ին միության ղեկավարությունը սիրով հյուրընկալեց մարզի ստեղծագործողների ստվար պատվիրակությանը` գրողների, երաժիշտների, ասմունքողների, ինքնագործ երաժշտական կոլեկտիվների, ինչպես նաև Երևանում բնակվող մեր մարզը ներկայացնող ճանաչված գրողների ու մտավորականների:
Արևշատ Ավագյանի բացման խոսքից հետո գրական-գեղարվեստական ցերեկույթի մասնակիցներին ջերմորեն ողջունեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:Ներկաները ծափողջյունով դիմավորեցին ճանաչված բանաստեղծ Հովիկ Հովեյանին, որը հատվածներ կարդաց իր նոր լույս տեսած գրքից:
Արևշատ Ավագյանի և Ղուկաս Սիրունյանի բանաստեղծությունների վարպետ մատուցմամբ հանդես եկավ ասմունքող Գայանե Սամվելյանը:
Ապա ելույթ ունեցան և իրենց բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկան մեր հայրենակից բանաստեղծներ Ալիխանե Մամեն, Վառլեն Ալեքսանյանը և Երվանդ Պետրոսյանը: Հայ դասականների, ինչպես նաև մարզի բանաստեղծների ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես եկան Սասունիկի, Ապարանի, Օշականի, Կարբիի, Ագարակի և Ոսկեվազի միջնակարգ դպրոցների աշակերտները: Ցերեկույթին բարձր տրամադրություն հաղորդեցին Աննման Շահբազյանի, Սարգիս Գասպարյանի անհատական կատարումները և Աշտարակի մշակույթի տան ու Սասունիկի միջնակարգ դպրոցների պարի համույթի ելույթները:
Ցերեկույթը եզրափակվեց բանաստեղծ և երգահան Տիգրան Պասկևիչյանի ելույթով:
Վերջում Արևշատ Ավագյանը շնորհակալական իր խոսքում բարձր գնահատեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ մարզպետ Սարգիս Սահակյանի ներդրումն ու համագործակցությունը միջոցառման կազմակերպման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14