Նորություններ
Քննարկվեցին ոռոգման խնդիրներ
25.06.2012
Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ հունիսի 25-ին կայացավ խորհրդակցություն, որի քննարկման թեման մարզում ոռոգման կազմակերպման հետ կապված խնդիրներն էին: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, կոմիտեի այլ պաշտոնյաներ, մարզի ՋՕԸ-երի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ:
Մարզպետ Ս. Սահակյանն ասաց, որ տարին այս տարի աննախադեպ է իր սակավաջրությամբ: Գյուղատնտեսության համար այս կարեւորագույն ժամանակաշրջանում որոշակի լարվածություն է նկատվում հատկապես Արզնի-Շամիրամ ջրանցքից սնվող համայնքների, մասնավորապես, վերջնամասում գտնվող բնակավայրերի հողատարածքներում: Խնդիրը մեղմելու միտումն ունի Սեւանա լճից հավելյալ ջուր առաքելու ծրագրի իրականացումը: Այդուհանդերձ, նա ՋՕԸ-երի ղեկավարներին եւ համայնքապետերին հանձնարարեց սահմանել ժամանակացույց, առկա ջուրը արդյունավետ բաշխելու եւ հնարավորինս անկորուստ օգտագործելու համար:
Իրենց սպասարկող համայքներում առկա խնդիրները ներկայացրին ,,Շամիրամ,, ՋՕԸ-ի ղեկավար Արամ Պարսամյանը, ,, Թալին,, ՋՕԸ-ի ղեկավար Սերգո Կրպեյանը եւ այլոք: Քննարկելով նրանց կողմից բարձրացված հարցերը, Ա. Անդրեասյանն ասաց, որ ոռոգման հիմնախնդիրը այսօր առաջնային է եւ գտնվում է կառավարության ամենօրյա ուշադրության ներքո: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ կազմակերպվածության ու հետեւողականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել առկա դժվարությունները:
Երկարատեւ քննարկումներից հետո արվեցին գործնական առաջարկություններ, տրվեցին հանձնարարականներ: