Նորություններ
Հնչեց վերջին զանգը
25.05.2012
Մայիսի 25-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի եւս կազմակերպվեցին վերջին դասեր, որոնք իրենց մեջ ամփոփում էին օրվա ողջ խորհուրդն ու իմաստը: Դասերին մասնակցում էին ավարտական դասարաններում տարբեր տարիներին դասավանդած ուսուցիչները, ծնողներ, հյուրեր: Հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր: Առանձնակի հուզականությամբ իրենց սրտի խոսքն ասացին իրենք՝ շրջանավարտները, խոստանալով, որ մշտապես կհիշեն իրենց մանկավարժների խորհուրդներն եւ վառ կպահեն դպրոցական տարիների լավագույն տպավորությունները:
Վերջին զանգի արարողություններին մասնակից եղավ նաեւ մարզի ղեկավարությունը: Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան ավագ եւ Ն. Աշտարակեցու անվան հիմնական դպրոցներ:
Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին եւ ծնողներին, մարպետն ասաց, որ երկրի ղեկավարությունն իր իրականացրած ծրագրերի զգալի մասն ուղղում է կրթության ոլորտին, դրանով իսկ նպաստելով երկրի քաղաքացիների համար բարեկեցիկ, լիարժեք ու արժանավայել կյանքի ապահովումը: Բոլոր շրջանավարտներին նա մաղթեց, որպեսզի իրականանան նրանց բոլոր ձգտումներն ու նպատակները: