Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության օրը

09.05.2012


Մայիսի 9-ը հայոց տոնացույցում նշվում է իբրեւ Հաղթանակի եւ խաղաղության օր: Այն երկակի տոն է հայ ժողովրդի համար, քանզի նշվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակը եւ Շուշիի հերոսական ազատագրումը: Այս տարի այն առանձնահատուկ հոբելյանական է. լրանում է Շուշիի ազատագրման 20-ամյակը:
Արագածոտնի մարզում արդեն ավանդական են դարձել այս պատմական իրադարձությունները մեծարել ըստ արժանվույն: Հաղթանակի օրը նշվում է բոլոր համայնքներում, դպրոցներում, մշակույթի օջախներում: Առանձնակի ուշադրության են արժանանում Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները:
Մայիսի 9-ին, վաղ առավոտյան տոնական գլխավոր միջոցառումը սկսվեց մարզկենտրոն Աշտարակի Ն. Աշտարակի անվան հրապարակից: Այստեղ էին հավաքվել մարզի ղեկավարները, քաղաքային եւ գյուղական համայնքների, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական եւ այլ կառույցիների ներկայացուցիչներ, հյուրեր:
Ծաղկեպսակներ դրվեց հրապարակում տեղադրված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաղբյուրին, որից հետո բազմությունը երթով շարժվեց դեպի քաղաքային զբոսայգի: Այստեղ՝ Հաղթանակի հուշակոթողի մոտ ծաղկեպսակներ դրվեցին մարզի եւ Աշտարակի քաղաքապետարանի ղեկավարության, այլ կառույցների կողմից: Հնչեցին շնորհավորանքի, մեծարանքի խոսքեր:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ հայ ժողովրդի պատմության մեջ մենք առանձնացնում ենք մայիս ամիսը՝ իբրեւ մաքառման, հերոսացման, ու հաղթանակների ամիս:
-Այս օրը՝ մայիսի 9-ին, մենք խորին ակնածանքով ու երախտագիտությամբ նշում ենք Հայրենական պատերազմի հաղթանակի օրը: Հայազգի հպարտ ու խիզախ զավակները տվեցին հերոսության ու սխրանքի բացառիկ օրինակներ,-ասաց նա եւ շնորհավորեց մեր աննկուն ժողովրդին, ազատամարտիկներին, մեր բոլոր նվիրյալներին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ, մաղթեց հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:
Հանդիսավոր արարողությունը շարունակվեց քաղաքային գերեզմանատանը, ուր հիշատակի խնկարկում կատարվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14