Նորություններ
Կմասնակցեն հանրապետական մրցույթին
25.04.2012
Կայացավ Հայ առաքելական եկեղեցու եւ կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթի Արագածոտնի մարզային փուլը: Մասնակիցները ,,Հայոց լեզու եւ գրականություն,, , ,,Հայոց պատմություն,, , ,,Հայոց եկեղեցու պատմություն,, , ,,Բնագիտական,, առարկաների ուսուցիչները եւ դասվարներն էին, ովքեր իրենց ունակությունները դրսեւորեցին՝ հանձնելով գրավոր թեսթային քննություն:
Մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ ձեւավորվեցին մրցութային հանձնաժողովներ, որոնց կազմում էին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետները, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչները եւ հոգեւոր հայրեր: Ամփոփվեց մրցույթի արդյունքները, որի համաձայն ,,Հայոց լեզու եւ գրականություն,, առարկայից լավագույնը ճանաչվեց Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Արսենյանը, ,,Հայոց պատմություն,,-ից՝ Ոսկեհատի դպրոցի ուսուցիչ Էդիկ Այվազյանը, ,,Բնագիտական,, առարկաներից՝ Աշտարակի ավագ դպրոցի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը եւ Օշականի միջնակարգ դպրոցի դասվար Սուսաննա Գարակեբագյանը:
Հաղթանակ տարած այս ուսուցիչներն իրավունք են ստացել՝ մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին: