Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին աշխատանքային այցով այցելեց Արագածոտնի մարզ

21.04.2012

Երկրի նախագահի առաջին կանգառը Հնաբերդ համայնքում էր: Գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր նպատակներից է, դիմելով համայնքի բնակիչներին, նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Խոսելով համայնքի խնդիրների մասին` Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը տեղյակ է բոլոր այն խնդիրների մասին, որոնք տեղ ունեն Հնաբերդ համայնքում:
«Ես ինքս եկա այստեղ մի ճանապարհով, որն անպայմանորեն ենթադրում է շտապ վերանորոգում, գիտեմ ձեր դպրոցի անբարեկարգ վիճակի մասին, մշակութային տան բացակայության մասին: Միաժամանակ որոշակի խնդիրներ լուծվել են կամ էլ դրա ճանապարհին են: Մեր նպատակն է, որ գյուղը լինի հարմարավետ, որպեսզի գյուղն ունենա խմելու և ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն»,- նշեց ՀՀԿ-ի առաջնորդը` ընդգելով, որ եթե հարմարություններ չկան, գյուղացին չի ցանկանում սրտանց աշխատել:
Հանրապետության ղեկավարն այցելեց Ծաղկահովիտի՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացավ շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: «Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Որպես ՀՀԿ-ի նախագահ` ցանկանում եմ, որ դուք ձայն տաք հանրապետականին, իսկ ահա որպես ՀՀ Նախագահ` շահագրգիռ եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար»,- ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ազատ ընտրություններ ապահովելու համար պետք է քաղաքացիներն ու իշխանությունը ձեռք ձեռքի տան ու լինեն միասնական:
Ծաղկահովիտից հետո ՀՀԿ առաջնորդը եղավ հիմնականում եզդիներով բնակեցված Ալագյազ համայնքում, ապա հանդիպեց Ապարանի ընտրողների հետ:
Նա վստահեցրեց, որ առաջիկա տարիների ընթացքում առավել մեծ ջանքներ կգործադրվեն սոցիալական անհավասարության պատճառների վերացման և հավասար հնարավորությունների ստեղծման համար:
Ըստ նախագահ Սարգսյանի` արտաքին մարտահրավերների պատճառով երկրի ռեսուրսների միայն փոքր մասը կենտրոնացավ բարեփոխումների վրա, բայց ստեղծվել է ամուր հիմք, նոր առաջընթացի համար:
Նա կոչ արեց ընտրություններին գնալ պարզ ոգով: «Պետք է այնպիսի ընտրություններ լինեն, որ պակասի թշնամության մթնոլորտը, և ձևավորվեն իշխանություններ, որոնք վստահություն կունենան»,-եզրափակեց ՀՀԿ նախագահը:
Այնուհետև երկրի ղեկավարն հանդիպում ունեցավ նաև Քուչակ գյուղի բնակիչների հետ:
Սերժ Սարգսյանն այցելեց նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվեց 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Այս համայնքում նախագահը ծանոթացավ նաև «Ագրոհոլդինգ Հայաստան» ընկերության տոհմային տնտեսության գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին:
ՀՀԿ առաջնորդը Արագածոտնի մարզ քարոզարշավի ընթացքում եղավ նաև Թալին քաղաքում, որի կենտրոնական հրապարակում հանդիպեց տեղի բնակիչների հետ: Կարևոր համարելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության մեջ` ՀՀԿ առաջնորդը վստահեցրեց, որ գյուղացին չպետք է հիասթափվի ու հրաժարվի սեփական հողից:
«Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր «քարը հող են սարքել» ու այժմ հարկավոր է այդ հողը մշակել: Ինչ սարսափելի բարդություններով է անցել հայ գյուղացին. մենք կատարելու ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ ստեղծվելու են արդյունավետ իրավական նորմեր ու պայմաններ անասնապահությամբ ու մշակաբույսերի բուծմամբ զբաղվելու համար»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Աշխատանքային այցի շրջանակում Նախագահը մասնակցեց Կոշի ամբուլատոր կենտրոնի բացման արարողությանը ևս: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին:
Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դիմելով աշտարակցիներին, երկրի նախագահն ասաց՝ «Աշտարակցիներն աշխատասեր ու արդար մարդիկ են: Ես, ցավոք, չեմ ճանաչում անուն առ անուն բոլոր այս քաղաքի այն բնակիչներին, ովքեր նշանակալի դեր են ունեցել մեր պետության կայացման գործում, սակայն, նայելով ձեր աչքերին, հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսին լինել»:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին` ՀՀԿ նախագահը վստահեցրեց, որ դրանում առաջնային է բոլորի մասնակցությունը, և հաջողությունների ուղով հնարավոր է գնալ միայն միասնաբար, երբ յուրաքանչյուրը տեր է իր սեփական քվեին:
«Պետք է հավատալ փոփոխությունների հնարավորությանը, պետք է հավատալ, եթե ցանկանում ենք փոխել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14