Նորություններ
Ընթանում է պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ներկրումը
04.04.2012
Արագածոտնի մարզում ընթանում են կառավարության կողմից իրականացվող ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելիքի հատկացման ներկրման աշխատանքները: Մարզին, ընդհանուր առմամբ, տրամադրվելու է 2450 տոննա պարարտանյութ, որից, ապրիլի 3-ի դրությամբ, արդեն ստացվել է 557 տոննան: Համայնքները նախապես, մինչեւ ներկումը սկսվելը, կատարել են գումարների հավաքագրումը՝ մեկ պարկ պարարտանյութի համար վճարելով 6000 դրամ: Առ այսօր հավաքվել է ավելի քան 232 մլն. դրամ, որը կազմում է 1950 տոննայի արժեքը:
Ներկրման առաջնահերթությունը տրվում է նախալեռնային գոտու համայնքներին, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվում: Պարարտանյութը հասցվում է մինչեւ համայնքներ, այնպես որ, գյուղացիները տեղափոխման հարցում որեւէ խնդիր չեն ունենում:
Դիզելային վառելանյութի ներկրումը եւս համակարգված է ընթանում, որի համար վճարումների հավաքագրումը դարձյալ սկսվել է նախապես: Առ այսօր համայնքները կատարել են 320 տոննայի համար վճարում, որը կազմում է շուրջ 110 մլն. դրամ: Անկախ շուկայական գնի փոփոխությունից, վառելիքի մեկ լիտրի համար, գյուղացիները կվճարեն 350 դրամ:


