Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստին մասնակցեց գյուղատնտեսության նախարարը

29.03.2012

Մարտի 28-ին կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Քննարկվեցին 2012 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի, 2011 թվականի գյուղատնտեսության բնագավառում արձանագրված ցուցանիշերի, մարզի հողօգտագործողներին պետական ծրագրերի շրջանակում մատչելի գներով ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու մասին հարցերը:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը նշեց, որ 2011թ. գարնանը մարզին տրվել է 320 տոննա բարձրորակ գարնանացան գարու սերմացու, որի միջոցով ցանվել է շուրջ 1600 հա գարի: Ներկրվել է նաև 4.7 տոննա եգիպտացորենի սերմացու՝ 188 հա-ի վրա ցանելու համար: Կատարվել է բանջար - բոստանային մշակաբույսերի ցանքս՝ շուրջ 1000 հա, 250 հա բազմամյա խոտերի ցանքս: Ընդամենը ցանքային տարածությունը կազմում է 32460 հա, նախորդ տարվա 32166,8 հա-ի փոխարեն:
Տևական և հորդառատ անձրևները, կրկնվող կարկտահարությունները իրենց բացասական ազդեցությունը թողեցին մշակաբույսերի ցանքի և տնկման, վեգետացիայի ընթացքում սահմանված ագրոմիջոցառումների ժամանակին կատարման գործընթացի վրա: Կարկտահարվել է 31 համայնքի մոտ 5650 հա մշակաբույսերի ցանքատարացք: Արձանագրված ընդհանուր վնասը կազմում է մոտ 2.56 մլրդ դրամ: 9 համայնքում կարկտահարության վնասների հետևանքները մեղմելու նպատակով անվճար տրվել է 50 000 լ. դիզելային վառելանյութ: Ուժեղ կարկտահարված 10 համայնքի 539 տնտեսություն <<Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկից>> 380.1 մլն դրամի չափով օգտվել են ցածր տոկոսադրույքով վարկերից:
Ներկայացվեց նաեւ 2011թ-ին բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի գծով համախառն բերքի ցուցանիշերի համեմատական տվյալները նախորդ տարվա ցուցանիշերի նկատմամբ:


Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը խոսեց հանրապետությունում, ընդհանուր առմամբ, եւ մասնավորապես Արագածոտնում ոլորտի զարգացման գործընթացի մասին: ՙՙՀանրապետության նախագահի հանձնարարությամբ և կառավարության անմիջական հսկողության ներքո իրականացվող ծրագրերը նախորդ տարի տվեցին իրենց դրական արդյունքները, և 2011-ը կարողացանք, ամփոփել որոշակի դրական տեղաշարժով՚՚-ասաց նա: Որպես այս տարվա կարևորագույն խնդիր, նախարարը մատնանշեց գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը՝ դրանց շարքում կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության՚ ծրագիրը, և հորդորելով տեղերում ճիշտ ներկայացնել կոոպերատիվների ստեղծման գաղափարը։
<<Շատ դեպքերում թյուր կարծիք է տարածվում, թե կոոպերացիաների ստեղծմամբ մենք հետ ենք գնում դեպի նախկին կոլխոզներ։ Մարդիկ պետք է հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Կոոպերացիաների մեջ ընդգրկվելով, մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ և իրենց որոշումների մեջ ազատ են, կարող են ցանկացած պահի դուրս գալ կոոպերացիայից։ Պարզապես պետք է գիտակցեն, որ միասին ավելի հեշտ են լուծվում խնդիրները, ինչպես տեխնիկայի, պարարտանյութի, վառելիքի ու այլ պարագաների ձեռքբերման, այնպես էլ արտադրանքի իրացման հարցերում>>- նշեց նախարարը։
Նախարարը ոլորտի զարգացման գերակա խնդիրներ համարեց գյուղական համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը, Եվրոմիության պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացումը և ընթացակարգերի սահմանումը եւ այլն: Նա անդրադարձավ նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարմանը, նշելով, որ եղանակային վատ պայմանների պատճառով ներկրումը մի փոքր ուշացել է, սակայն մինչև ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը համայնքներին։ Նա հիշեցրեց, որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներին կհասցվի 6000, իսկ դիզ.վառելիքի մեկ լիտրը՝ 350 դրամով, հավելելով, որ շուկայական և առաջարկվող գների տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից։
Քննարկված հարցերն ամփոփոեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա մարզի գյուղացիական տնտեսությունների գործունեության համար կարեւորեց նախագահի հանձնարարականներով իրականացվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, նշելով, որ թե՛, պարարտանյութի ու դիզելային վառելանյութի, թե՛ սերմացուների հատկացումը , թե՛ նպաստավոր պայմաններով գյուղացիական վարկերի տրամադրումը արդեն իսկ իրենց դրական արդյունքը նկատելի են դարձրել:
Նախարարը եւ մարզպետը լսեցին նաև համայնքապետերի կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին գյուղացիական տնտեսություններից մթերվող կաթի գնին, ոռոգման համակարգերի, սելավատարերի վերանորոգմանը, այլ խնդիրների և դրանց առնչությամբ կատարեցին իրենց պարզաբանումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21