Նորություններ
Հայկական բանակի 20-ամյակը նշվեց Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան դպրոցում
20.02.2012

Մարտական անկոտրում կամքն ու հայրենասիրական ոգին էր թևածում Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցի դահլիճում, որտեղ նշվում էր հայոց բանակի կազմավորման 20-ամյակը: Հրավիրված էին Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ՙՙԿոռնիձոր՚՚ ջոկատի հրամանատար, ՙՙԱրիություն՚՚ մեդալի շքանշանակիր, մայոր Արայիկ Խուդավերդյանը, Արցախյան ազատամարտում զոհված ազատանարտիկ Արմինե Սարգսյանի մայրը՝ Լիդա Սարգսյանը, քաջազուն զինվոր Մարտիրոս Մկրտչյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, Աշտարակի տարածքային զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանը, ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սեմյոն Եսայանը, ՀՀ պատերազմի զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, արցախյան հերոսամարտի մասնակից, գնդապետ Բախշյանը, այլ հյուրեր:
Դպրոցի տնօրեն Հ. Բալայանի ելույթից հետո հնչեցին զինվորական համազգեստներ կրող ՙՙփոքրիկ զինվորների՚՚ երգերը: Աշակերտական խորհրդի նախագահ Վրեժ Միքայելյանն ու Գայանե Վարդանյանը հանգամանալից ներկայացրին մեր ժողովրդի անցած պատմական ուղին և բանակի կայացման պատմությունը՝ որպես նորանկախ երկրի ամենամեծ և կարևորագույն նվաճում:
Հիշատակվեցին այն կամավորները, ովքեր կանոնավոր բանակի կայացման հիմքն ու խարիսխն են դարձել՝ իրենց երիտասարդ կյանքը դնելով ազատության և անկախության զոհասեղանին: Պատերազմի բերած արյան ու արցունքների, կրակների միջից հառնեց Հայկական բանակը, դրսևորելով իր առանձնահատուկ որակները՝ անմնացորդ նվիրումը հայրենիքի հանդեպ, մարտական անկոտրում կամքն ու հաղթական ոգին:
Աշակերտների շուրթերից հնչած երդման խոսքերը, հայրենասիրական երգն ու բոցաշունչև հուզումնալից պարերը արցունքի կաթիլներ կորզեցին դահլիճում նստածների աչքերից: Կրակոտ և սրտաբուխ ելույթներից ոգևորված՝ գնդապետ Բախշյանը և մայոր Խուդավերդյանը հուշեր պատմեցին արցախյան հերոսամարտից: Նրանք լավատեսորեն նկատեցին, որ այսօրվա ՙՙփոքրիկ զինվորները՚՚ իրենց հայրերի արժանի հետնորդները կդառնան և անմնացորդ կծառայեն Հայկական բանակում, քանզի ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցում առաջնակարգ տեղ է գրավում:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրինությունը հավաստագրեր հանձնեց պատվավոր հյուրերին: