Նորություններ
Պատվոգրեր՝ վետերանների խորհրդի նախագահներին
10.02.2012
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի եւ իրավապահ մարմինների վետերանների միության տարածքային խորհուրդների նախագահների հետ: Քննարկիվեցին միության գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ:
Թալինի խորհրդի նախագահ Վաչագան Հովհաննիսյանը նշեց, որ օր-օրի նվազում են իրենց շարքերը: Եվ որպեսզի խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ ու հաստատուն լինեն, նա առաջարկեց մեկտեղել Հայրենական, Արցախյան, ինչպես նաեւ Աղվանստանի պատերազմների վետերաններին՝ ստեղծելով մեկ միասնական կազմակերպություն: Դրանով հանդերձ առավել հուսալի կդառնա իրենց գործունեությունը:
Աշտարակի խորհրդի նախագահ Լեվոն Մարգարյանն էլ նշեց այն ուշադրությունը, որ զգում են իրենց վետերանները մարզի ղեկավարության, մասնավորապես՝ մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից: Դա առավել ոգեւորում և ուժ է տալիս իրենց կազմակերպչական աշխատանքներն իրականացնելիս: Իսկ ծրագրերը շատ են ու հետաքրքիր: Դրանց մեջ խորհուրդների ղեկավարները կարեւորեցին Աշտարակ եւ Թալին քաղաքներում, ինչպես նաեւ գյուղական մի շարք համայնքներում ստեղծված ,,Փառքի սրահների՚՚ ստեղծումն ու դրանց հանդեպ ունեցած հանրության կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը: Վերջինների կողմից տրամադրվում են փաստագրական նորանոր նյութեր, որոնք առավել բովանդակալից եւ արժեքավոր են դարձնում այդ սրահները:
Անդրադառնալով վետերանների միության տարածքային խորհուրդների գործունեության կարեւորությանը, մարզպետ Սարգիս Սահակյանը արժանվույն գնահատեց դրանց նախագահների նվիրվածությունն ու հետեւողական աշխատանքը ավանդույթների պահպանման ու սերունդներին փոխանցման գործում:
Շնորհավորելով նրանց Հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ, նա պատվոգրեր հանձնեց Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի խորհուրդների նախագահներ Լեւոն Մարգարյանին, Վաչագան Հովհաննիսյանին, Բենիկ Ստեփանյանին եւ Բախշի Վարդանյանին: Բոլոր վետերաններին նա մաղթեց առողջություն եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել նրանց ցուցաբերվող աջակցությունը: