Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՙՙ Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚

26.01.2012


Մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ՙՙ Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚ վերտառությամբ ցերեկույթը: Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Նունե Մովսիսյանի բացման խոսքով: Նա կարեւորեց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի վարած արտաքին քաղաքականության մեջ՝ իբրեւ ամուր հենարան եւ ուժ:
- Մերօրյա հզոր բանակի առկայության դեպքում այլեւս ստիպված չենք լինի հիասթափված վերադառնալ Բեռլինի կոնֆերանսից եւ Խրիմյան Հայրիկի նման հայտարարել թղթե շերեփի մասին,-ասաց նա:
Շնորհավորելով հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատում ընդունած ցեղասպանության մերժողականության դեմ օրինագծի ընդունման առթիվ, տնօրենը հույս հայտնեց, որ սա հայկական հարցի լուծման ճանապարհի առաջին լուրջ ձեռքբերումն է՝ հայոց բանակի հզորացմանը զուգընթաց:
Օրվա հյուրերն էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը եւ գնդապետ Վաչագան Ասատրյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, փոխմարզպետ Արամ Արսենյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը եւ այլք:
Հանդիսավոր արարողակարգերին՝ դրոշի ներսբերմանը եւ օրհներգի կատարմանը հաջորդեցին շնորհավորանքներն ու գեղարվեստական մասը, որը ներկայացվեց ուսուցիչների եւ աշակերտների ուժերով: Տպավորիչ էր փոքրիկ հայդուկների մուտքը: Նրանք մարմնավորում էին հայդուկների կերպարները՝ իբրեւ նրանց գործի կրող եւ շարունակող: Հայդուկական երգի հնչյունների ներքո փոքրիկ հայդուկները երդվեցին իրենց ավագների արժանի հետեւորդները լինել:
Տպավորիչ էր հատկապես ՙՙՍպիտակ ձիավորը՚՚ բեմականացումը, որը յուրօրինակ անդրադարձ էր դեպի հայդուկային շարժման օրերը: Զորավար Անդրանիկի ՙՙ Հացն ու աղը դավաճանողը հայրենիքն էլ կդավաճանի ՚՚ թեւավոր խոսքը հնչեց իբրեւ ռազմահայրենասիրական մեծ խորհուրդ ունեցող կարգախոս: Միջոցառումն ամբողջացավ դպրոցի երգչախմբի եւ պարախմբի հայրենաշունչ կատարումներով:
Հուզիչ եւ սրտառուչ պահեր ապրեցին հատկապես զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, ովքեր մասնակցում էին միջոցառմանը:: Տեղի ունեցավ մի շարք դասասենյակների անվանակոչություն: ՆԶՊ դասասենյակն այսուհետ կկրի ՀՀ եւ Արցախի Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի, ռազմահայրենասիրական դաստիարակության եւ ռազմարվեստի պատմության կաբինետը՝ Արմինե Սարգսյանի, կրակային դասասենյակը՝ Գագիկ Յոլչյանի անունները: Զոհվածների հարազատներին դրամական աջակցություն ցուցաբերեց մարզպետ Սարգիս Սահակյանը, իսկ դպրոցը նրանց նվիրեց ծաղկեփնջեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52