Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստում

28.12.2011


Դեկտեմբերի 27-ին կայացավ 2011 թվականի վերջին մարզխորհրդի նիստը, որն ըստ էության, յուրատեսակ հաշվետվություն էր անցնող տարվա կատարած աշխատանքների մասին:
Համայնքների կողմից սեփական եկամուտների՝ հողի հարկի, գույքահարկի եւ տեղական տուրքերի հավաքագրման ընթացքի, աշխատավարձերի ու սոցվճարների նախկին պարտքերի մարման մասին զեկուցեց ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա ասաց, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը մարզում կազմել է 79.1 տոկոս: Գործընթացը շարունակվում է, եւ նրա հավաստմամբ, մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կհասցվի 100 տոկոսի: Ընթացքի մեջ է նաեւ աշխատավարձերի ու սոցվճարների նախկին պարտքերի մարումը: Այս մասով մնացել է մարել շուրջ 12 մլն. դրամ, որն ամբողջությամբ կավարտվի գալիք տարվա առաջին եռամսյակում:
Հաջորդ հարցը վերաբերում էր մարզին տրամադրված 320 տոննա էլիտա եւ առաջին վերարտադրության գարնանացան գարու եւ եգիպտացորենի սերմացուների գումարների վերադարձման ընթացքին: Այս կապակցությամբ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը ներկայացրեց, որ ներկայումս հավաքագրվել է շուրջ 14 մլն. դրամ: Գործընթացը շարունակվում է, եւ համայնքապետերին հանձնարարվեց այն ավարտել մինչեւ տարեվերջ:
Քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանն էլ համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց մարզի համայնքներում բնակելի տների տիպային նախագծերի ներդրման աշխատանքների վրա: Համայնքներից մեծ մասն արդեն ձեռք է բերել համապատասխան փաթեթները, եւ դրանք բնակիչներին հասցնելու համար համայնքապետերը ստացան համապատասխան հանձնարարականներ:
Անցնող տարվա ընթացքում կատարված աշխատաքներն ամփոփ ներկայացրեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ տարին , ընդհանուր առմամբ, հաջողված թր մարզի համար: Պետական բյուջեով, միջազգային կազմակերպությունների եւ բարեգործական հիմնադրամների կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել սոցիալ-տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներում:
Մասնավորապես, նախագահի հանձնարարականով իրականացվել է առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագիրը: Այդ շրջանակում 2011 թվականին վերանորոգվել են 7 դպրոց, 16 բազմաբնակարան շենքի տանիք, Երնջատափ համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի և կարգավորիչ ջրավազանը: Նույն ծրագրով սկսվել են եւ գալիք տարում իրենց շարունակությունը կունենան 3 դպրոցի, 6 մշակույթի տան, 10 բազմաբնակարան շենքի, Թալինի թիվ 1 մանկապարտեզի տանիքների վերանորոգման, Դավթաշենի եւ Նորաշենի ՕԿՋ-ների կառուցման աշխատանքները:
Շինարարական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության պատվերով: Դրանցից են Բյուրականի եւ Ծաղկահովիտի, Մաստարայի, Ուջանի դպրոցների հիմնանորոգումը, կրթական նոր օբյեկտի կառուցումը Լեռնապարում, Աշտարակի երաժշտական դպրոցի եւ այլ կառույցների իրականացումը:
2011 թ. ճանապարհաշինության բնագավառում կատարվել են 872.5 մլն. դրամի աշխատանքներ: Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության եւ շահագործման համար ՀՀ պետբյուջեով մարզին հատկացվել է 97.144, իսկ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների համար՝ 332.0 մլն. դրամ: Վերանորոգումներ են կատարվել Աապարան-Մուլքի-Չքնաղ մարզային, Ալագյազ-Հոռոմ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհների, Աշտարակը շրջանցող կամրջի վրա եւ այլն:
Գյուղատնտեսության ոլորտում եւս ներդրումները զգալի են: Մարզն օգտվել է գարնանացան գարու եւ եգիպտացորենի, աշնանացան սերմացուի հատկացումներից, ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերից: Առաջիկայում համայնքներին մատչելի պայմաններով կհատկացվել դիզվառելիք, պարարտանյութ, սերմացու:
Ամփոփելով նաեւ կրթության, առողջապահության, սոցիալական եւ այլ ոլորտներում իրականացրած ծրագրերը, մարզպետ Ս. Սահակյանը շնորհավորանքներ հղեց Ամանորի Եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ, իսկ օրինակելի աշխատանքային գործունեության եւ 2011 թ. սեփական եկամուտների բարձր հավաքագրում ապահովելու համար մի խումբ համայնքապետերի հանձնեց պատվոգրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52