Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորյա շնորհավորանք ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

26.12.2011

Ամանորյա տոնական միջոցառումներն Արագածոտնի մարզում սկսվեցին դեկտեմբերի 25-ին: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիսություն Արցախյան պատերազմում մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար:
Մարզի 4 տարածաշրջաններում` Աշտարակում, Ապարանում, Արագածում եւ Թալինում, ընդհանուր առմամբ, 145 զոհված ազատամարտիկ կա: Նրանց ընտանիքների անդամների, հարազատների մասնակցությամբ տեղի ունացած միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք էր` ի հիշատակ հայ ժողովրդի նորօրյա հերոսների:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մարզի ղեկավարությունը, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ, բազմաթիվ այլ հյուրեր:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց.
-Այսօր հիշատակի եւ հարգանք օր է: Օրվա հերոսները այն հայորդիներն են, ովքեր իրենց թափված արյան գնով կերտեցին մեր երկրի անկախությունը: Երկրի ղեկավարության, պաշտպանության նախարարության հետ միասին մենք փորձում ենք անել ամենայն հնարավորը, որպեսզի դուք ձեզ միայնակ չզգաք: Այսօր մենք առավելագույնս միասնականության եւ համախմբվածության խնդիր ունենք եւ պարտավոր ենք մեր պապերի երազած անկախությունը փայփայել ու փոխանցել սերունդներին:
Իր շնորհավորանքի խոսքը հղեց նաեւ պաշտպանության նախարարը:
-Յուրաքանչյուր տարվա վերջում սովորաբար մենք հավաքվում եւ ի մի ենք բերում, ամփոփում ենք մեր ձեռբերումները, նախագծում առաջիկա անելիքները,-ասաց նա:-Դա յուրօրինակ հաշվետվություն է մեր զոհված ազատամարտիկների առջեւ, որովհետեւ մենք առանց իրենց ենք դիմավորում նոր տարիները: Այսօր միանշանակ կարող ենք փաստել, որ անկախության 20 տարիները անշրջելի են մեր պատմության համար, որ մենք ունենք անկախ հայրենիք, որն իր քաղաքական եւ հասարակական կառույցներով առաջ է ընթանում: Սա է նրանց` ազատամարտիկների կյանքի ու արյան գնով վաստակած ամենակարեւոր ձեռքբերումը:
Նախարարը նշեց նաեւ, որ մենք զոհված ազատամարտիկներին ենք պարտական նաեւ այն բանի համար, որ այսօր ունենք կանոնավոր բանակ ունենք: Նրանք առաջինն էին, որ չընկրկեցին դժվարությունների դեմ եւ անվարան զենք վերցրին:
-Ես խոնարհվում եմ իմ մարտական ընկերների առջեւ եւ շնորհավորում նրանց ընտանիքներին,-ասաց Ս. Օհանյանը եւ բանակի անունից հավաստիացրեց, որ մեր երկիրը խաղաղ է լինելու, ամենայն գնով պաշտպանվելու է մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ արարումը:
Ամանորյա շնորհավորանքի խոսքերին հաջորդեց պարգեւների հանձնման արարողությունը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ Արցախյան շարժմանը մասնակցելու համար պաշտպանության նախարարը մի խումբ արժանավորների պարգեւատրեց <<Դրաստամատ Կանայան>>, <<Գարեգին Նժդեհ>>, <<Վազգեն Սարգսյան>> եւ << Ծովակալ Իսակով>> մեդալներով:
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակտիվ գործունեության եւ արիության համար պատվոգրեր հանձնեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը: Իսկ բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքները ստացան դրամական պարգեւներ:
Հուզումնառատ եւ երախտիքով համեմված խոսքերից զատ, միջոցառումը զերծ չէր անակնկալներից: Դրանցից մեկը մատուցեց Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի երկրամասի Յակուտսկ քաղաքում բնակվող, տեղի շուրջ 5 հազարանոց հայ համայնքը ղեկավարող մեր հայրենակիցը` մարզպետի ավագ եղբայր Խորեն Սահակյանը: Նա պաշտպանության նախարարության <<Մարտիկ>> հիմնադրամին նվիրաբերեց 10 հազար ԱՄՆ դոլար:
Իր շնորհավորանքի խոսքում նա ասաց, որ շուրջ 30 տարի է, ինչ բնակվում եւ ակտիվ գործունեություն է ծավալում Յակուտիայում: Նա հույս հայտնեց, որ նման բարեգործական ձեռնարկները, որ աննախադեպ չեն, իրենց արձագանքները կունենան ռուսաստանաբնակ բազմաթիվ գործարարների շրջանում, որոնց բարոյական եւ նյութական համախմբվածությունը լավագույն խթանը կարող է լինել հայրենիքին:
Ազատամարտիկների ընտանիքների Ամանորը իրենց հայրենշունչ երգերի կատարումներով շնորհավորեցին նաեւ անվանի երգիչներ Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Սուսաննա Սաֆարյանը, Ռուբեն Սահակյանը:
Հանդիսությունն ավարտվեց ամանորյա ավանդական հյուրասիրությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52