Նորություններ
Բացօթյա տոնավաճառ՝ նվիրված Սուրբ Ծննդին եւ Ամանորին
16.12.2011

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում դեկտեմբերի 15-ին բացվեց բացօթյա տոնավաճառ, որը նվիրված է Ծննդյան տոներին եւ Ամանորին: Ձեռնարկի հեղինակը լիբանանահայեր Տիրան եւ Պիեռ Բաղդադյան եղբայրներն են, ովքեր իրենց մտահղացումն իրականացնելու համար ստացել են մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը: Տոնավաճառը բացվել է Սուրբ Կարմրավոր եկեղեցու հարակից տարածքում, որն իր ձեւավորմամբ առանձնակի շուք ու տոնականություն է հաղորդել 7-րդ դարի կառույց հրաշագեղ եկեղեցուն:
Իր տեսակի մեջ լինելով հանրապետությունում առաջինը, տոնավաճառը նպատակ ունի տաս օր շարունակ երգ-երաժշտությամբ, ժամանցային հետաքրքիր ծրագրերով համեմված՝ ուրախ եւ տոնական առօրյա ապահովել ոչ միայն Աշտարակի, այլեւ մարզի բնակիչների համար: Այստեղ իրենց համար հետաքրքրությունը կգտնեն թե՛ երեխաները, եւ թե՛ մեծահասակները: Տեղադրված շքեղազարդ տոնածառն ու Ձմեռ պապը իրենց շուրջն են գրավում փոքրահասակներին: Գեղեցիկ ձեւավորումներով, լուսային զարդարանքներով ներկայացված են Ծննդյան տոնն ու Ամանորը խորհրդանշող պատկերներ, հեքիաթային տեսարաններ: Դրանց մեջ առանձնանում է Սուրբ Ծննդի դրվագը ներկայացնող մասնաբաժինը: Այստեղ իր մսուրի մեջ մանուկ Հիսուսն է՝ շուրջը համախմբած բազմաթիվ աստվածաշնչյան կերպարների:
Առանձին տաղավարներում ներկայացված են նաեւ օրվա խուրհուրդն իմաստավորող հետաքրքիր հուշանվերներներ, ավանդական անուշեղեններ, ուտեստներ:
Տոնավաճառի առաջին օրը սկսվեց հանդիսավոր առարողությամբ, որին մասնակցում էին մարզի ղեկավարները, հյուրեր մայրաքաղաքից: Եկեղեցու զանգերի ղողանջի ներքո Սրբ. Կարմրավոր եւ Նոր Եդեսիայի եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյանը կատարեց օրհնանքի արարողություն:
Այնուհետեւ իրենց ձեռնարկի մասին խոսեց Պիեռ Բաղդադյանը:
-Երբ 6 տարի առաջ առաջին անգամ եկանք Աշտարակ, հրապարակի շենքերից մեկի վրա կարդացին ՚՚Աշտարակը դարձնենք օրինակելի քաղաք՚՚ կարգախոսը: Մենք էլ որոշեցինք մեր կարեցածի չափով նպաստել այդ գործընթացին եւ այստեղ սկսեցինք մեր ներդրումային գործունեությունը: Այդ բանում մեզ աջակցել է մարզպետ Ս. Սահակյանը, ինչի համար այսօր շնորհակալ ենք նրանից.-ասաց նա:
Անդրադառնալով Ծննդյան տոներն նվիրված իրենց այս ծրագրին, Տիրան Բաղդադյանն ասաց, որ պատահական չէ, որ այն Արագածոտնում են իրականացնում: Չէ որ մայրաքաղաքում նման ձեռնարկներ շատ են իրականացվում, եւ իրենք ուզում են, որ նման աշխույժ եւ ուրախ տոնական տրամադրություն լինի նաեւ մարզերում: