Նորություններ
Մարզպետը հանդիպում ունեցավ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների բնակիչների հետ
15.12.2011

Դեկտեմբերի 13-ին եւ 14-ին մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպումներ ունեցավ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների բնակիչների հետ: Արագածում նա այցելեց Ծիլքար, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Ռյա Թազա, իսկ Ապարանում՝ Շենավան, Արագած, Ծաղկաշեն, Սարալանջ, Լուսագյուղ համայնքներում:
Գտնվելով բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրերում, այս համայնքներում հիմնականում առկա են այդ գոտուն հատուկ հիմնախնդիրներ: Դրանք վերաբերում են ջրամատակարարմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, գազիֆիկացմանը, համայնքային կենտրոնների առկայությանը եւ այլն: Լսելով բնակիչների կողմից բարձրացված վերոհիշյալ խնդիրների մասին, մարզպետը տեղեկացրեց, որ դրանցից մեծ մասն արդեն իսկ ընդգրկված են գազիֆիկացման, ջրամատակարարման, դպրոցների եւ ճանապարհների վերոնորոգման 2012 թվականի ծրագրերում: Աշխատանքները շարունակական են եւ առաջիկայում տարբեր նախագծերով կիրականացվեն համայնքներում առկա հիմնախնդիրները:
Բնակիչներին անչափ մտահոգում էին գյուղատնտեսության զարգացման հետ կապված ծրագրերը: Մարզպետը ներկայացրեց երկրի նախագահի հանձնարարականով այս ոլորտում ներկայումս իրականացվող աշխատանքները: Դրանք են՝ հացահատիկի, սերմացուի, պարարտանյութի, դիզելային վառելիքի, գյուղտեխնիկայի նպաստավոր պայմաններով տրամադրում: Տնտեսվարողների մոտ հետաքրքրություն կար նաեւ կոոպերացիաների ստեղծման, տոհմային անասունների ձեռքբերման ծրագրերի վերաբերյալ: Դրանց մեջ ներգրավելու գործում աջակցելու համար Ս. Սահակյանը հայտնեց իր պատրաստակամությունը:
Հանդիպումների ընթացքում եղան նաեւ սոցիալ-տնտեսական, անձնական խնդիրներին վերաբերող հարցադրումներ, որոնք վերաբերում էին բնակարանաշինության նպատակով հողամասերի ձեռքբերմանը, առողջական, աշխատանքային եւ այլ խնդիրների: Դրանց տրվեցին համապատասխան լուծումներ, ընթացիկ մեկնաբանություններ ու պարզաբանումներ: Իսկ սոցիալապես անապահով 54 ընտանիքի հատկացվեց դրամական օգնություն: