Նորություններ
Նշվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձը
23.11.2011

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի հերթական միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավոյի) ծննդյան 54 ամյակին: Այդ կապակցությամբ դպրոցը հյուրընկալել էր բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանին, նախարարության այլ պաշտոնյաների, Հայաստանի, ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Մոնթե Մելքոնյանի կիսանդրու հեղինակ Լեւոն Թոքմաջյանին, այլ մտավորականների, մանկավարժների:
Մինչ հանդիսության սկսելը, ներկաները մասնակցեցին նորերս վերանորոգված եւ կահավորված ռազմահայրենասիրական դասարանների եւ փառքի սրահի բացման արարողությանը: Աշակերտների նախնական զինվորական պատրաստության գործում անգնահատելի դեր ունեցող այս դասասենյակների ստեղծման համար դպրոցի տնօրեն Նունե Մովսիսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ մարզի ղեկավարությանը:
Կրակային պատրաստության, նախնական զինվորական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության ու ռազմարվեստի պատմության դասասենյակներից բաղկացած այս համալիրն ունի մեթոդական եւ գործնական բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ զենքի պահպանման սենյակը, ինչը որ անչափ կարեւոր է ՆԶՊ առարկայի ամբողջական եւ համակողմանի ուսուցման համար:
Միջոցառման երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր Մոնթե Մելքոնյանին: Աշակերտների եւ նրանց ուսուցիչների ուժերով ներկայացվեց Ազգային հերոսի կյանքի ու մարտական գործունեության մասին պատմող հետաքրքիր մանրամասներ: Ավոյի հերոսական կերպարի նկարագիրն ամբողջացավ տղաների երգչախմբի կողմից ռազմական բոցաշունչ երգերի կատարմամբ եւ պարախմբի հայկական ժողովրդական պարերի ելույթով: Առանձնակի տպավորիչ էր Նազիկ Դավթյանի ղեկավարած թատերախմբի կողմից ներկայացրած փոքրիկ բեմականացումը, որը պատմում էր Ավոյի ռազմական գործունեության, մասնավորապես նրա կյանքի վերջին օրվա մասին:
Մասնակիցների համար միջոցառման կազմակերպիչների կողմից պատրաստվել էր անակնկալ: Հայրենասիրական երգի կատարմամբ առաջին անգամ հնչեց Ազգային մեկ այլ հերոսի, սասունիկցի Գեղազնիկ Միքայելյանի ձայնը: Ձայնագրությունը տրամադրել էր հերոսի եղբայրը՝ Կիրակոս Միքայելյանը: