Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում

16.11.2011

Մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում ավարտվել են, դրանում ընդգրկված 23 ծրագրերից միայն 5-ի մասով են շարունակվում շինաշխատանքները, որոնք էլ կավարտվեն մինչեւ նոյեմբերի վերջ:
Տեղեկացվեց, որ ծրագրի երկրորդ մասում ընդգրկված բոլոր օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, ընթացքի մեջ է կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը: Ծրագրի երկրորդ մասով հիմնականում կվերանորոգվեն մշակութային տներ, դպրոցներ, շենքերի տանիքներ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 2,1 մլրդ դրամի դիմաց կազմել են 1,8 մլրդ դրամ (կատարողականը` 87.6.%): Սեփական եկամուտների կատարողականը 73.6% է: 2010թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ արձանագրվել է նվազում`8.2 %-ով: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հանձնարարեց քայլեր ձեռնարկել ցուցանիշների բարելավման ուղղությամբ` անթույլատրելի համարելով նման միտումը: Հիմնականում նվազում է արձանագրվել հողի հարկի հավաքագրումների մասով, հատկապես ցածր են մարզի Ավան, Արագածոտն, Արուճ, Կարբի, Կոշ, Նոր Եդեսիա, Օհանավան, Ապարան, Ափնա, Թթուջուր, Նիգավան, Վարդենիս, Քուչակ, Ծաղկաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Արագածավան համայնքների ցուցանիշները: Վերլուծվեցին նաեւ իրավիճակի պատճառները:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ վերջին շրջանում ընդունված իրավական ակտերը թույլ են տալիս համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր ապահովել, եւ հորդորեց օգտագործել նաեւ այդ հնարավորությունները:

Այս համատեքստում փոխվարչապետը կարեւորեց նաեւ 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացը` մարզպետարանի պատասխանատուներին հորդորելով մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան կազմել առավել իրատեսական փաստաթղթեր: Տարածքային կառավարման փոխնախարար Ա. Բախշյանը ներկայացրեց մարզի համայնքներում հողի հարկի եւ գույքահարկի բազաների ուսումնասիրության արդյունքները: Նշվեց, որ որոշ համայնքներում առկա են չիրացված ռեզերվներ:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ նախորդ տարվա համեմատ բերքատվության ցուցանիշները բարձր են: Մթերվել է 5500 տոննա խաղող` նախորդ տարվա 2900 տոննայի դիմաց, հացահատիկի եւ հատիկաընդեղենի բերքը նախորդ տարվա արդյունքը գերազանցել է 18,7 հազ. տոննայով: Մարզում կատարվել է մոտ 10 200 հա աշնանացան` 1500 հեկտարով ավելի, քան անցած տարի, ինչը պայմանավորված է սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրով: Տարվա ընթացքում 1516 տնտեսություն օգտվել է ցածր տոկոսադրույքով վարկերից` 1 մլրդ 143 մլն դրամի չափով: Զեկուցվեց սերմացուի վերադարձելիության եւ բաշխման գործընթացի, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների, ոռոգման ջրի վարձավճարների գանձման ընթացքի մասին:
Տեղեկություններ ներկայացվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին: Մարզի 3 համայնքի`Թալին, Ապարան քաղաքների եւ Ծաղկահովիտ գյուղի նախագծերը հաստատված են, Աշտարակ քաղաքինը գտնվում է մշակման փուլում: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:
Փոխվարչապետը կարեւորեց նաեւ համաֆինանսավորման միջոցով համայնքների մասնակցությունը տարբեր կազմակերպությունների կողմից մարզի համայնքներում իրականացվող ծրագրերին` նկատելով, որ դա նոր ծրագրերի հնարավորություն կստեղծի:
Խորհրդակցության ընթացքում տվյալներ ներկայացվեցին մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ոստիկանության մարզային վարչության հաշվառման քննական խմբերի ղեկավարների մասնակցությամբ առանձին քննարկվեցին իրավաբանական անձանց գրանցման, կադաստրային գրանցումների, վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգերի դյուրացմանն ուղղված իրավական ակտերի կիրառմանն առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը պահանջեց պահպանել վերջին շրջանում կատարված փոփոխությունների պահանջները, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը:
Փոխվարչապետի մարզային խորհրդակցություններն առաջիկայում եւս կշարունակվեն:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01