Նորություններ
Լրացավ Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի ծննդյան 60-ամյակը
16.11.2011

Նոյեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի ծննդյան օրն է: Լրացավ նրա 60-ամյակը: Այդ իրադարձությունը հավուր պատշաճի նշեցին նրա ծննդավայրում՝ Սասունիկ համայնքում:
Հիշատակի արարողություն կատարվեց գերեզմանատանը, ուր հանգչում է Արցախյան պատերազմի աննկուն մարտիկը: Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, հերոսի հարազատները, մտերիմներն ու համագյուղացիները:
Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին նրա հուշարձանի մոտ: Գ. Միքայելյանի մասին հիշատակի խոսքեր ասաց նրա պատմության ուսուցիչը՝ Հովսեփ Մարգարյանը: Նա ասաց, որ իր հերոսության ու հայրենասիրության համար ժողովուրդը Գեղազնիկին Չաուշ պատվավոր անվամբ է կոչել: Այնուհետեւ անդրադարձ կատարեց դեպի հայ ժողովրդի նորագույն պատմության այդ կարեւորագույն ժամանակահատվածը՝ այդտեղ կարեւորելով Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի անմնացորդ դերն ու նրա ազգանվեր գործունեությունը:
Հանդիսությունը շարունակվեց Սասունիկի միջնակարգ դպրոցում, որտեղ կազմակերպվել էր ցերեկույթ՝ ի հիշատակ իրենց մեծ հայրենակցի: