Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<Սասնա ծռեր> էպոսին նվիրված օրեր` Արագածոտնում

09.10.2011


ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, մշակույթի նախարարության եւ <Սասնա տուն> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջոցառումների լայն ծրագիր է իրականացվել Արագածոտնում` նվիրված Հայ ժողովրդական բանահյուսության ամենանշանակալից երեւույթին` <Սասնա ծռեր> Էպոսին: Շուրջ 4 ամսվա ընթացքում ծրագրի շրջանակում կազմակերպվել են էպոսյան թեմաներով դասախոսություններ, սեմինարներ, ցուցադրություններ, հանրակրթական դպրոցներում անց են կացվել շարադրությունների, ասմունքի օլիմպիադաներ, շախմատի մրցույթ, գեղարվեստի դպրոցների սաների էպոսյան թեմաներով ցուցադրություններ, թեմատիկ այլ միջոցառումներ:


Ծրագրի գլխավոր եւ եզրափակիչ մասը կայացավ հոկտեմբերի 8-ին` Ուջան գյուղում: Հանդիսության վայր էր ընտրվել ֆիդայիների հուշարձանն ամփոփող հուշահամալիրի տարածքը, որն, ինքնին, բացօթյա հրաշալի բեմահարթակ էր եւ առանձնակի խորհուրդ էր հաղորդում միջոցառմանը:


Մասնակցության համար մարզի տարբեր համայնքներից, այլ մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից այստեղ էին ժամանել բազմաթիվ հյուրեր, երաժշտական համույթներ, անհատ կատարողներ, պատմաբաններ, մշակույթի այլ գործիչներ, հոգեւորականներ: Նրանց մեջ էին Մայր աթոռի միաբան Արսեն Արքպիսկոպոս Բերբերյանը, Միլանի հայկական համայնքի հովիվ Տեր Սարգիս Սարգսյանը, հոգեւոր այլ այրեր: Նրանց կողմից մատուցած տերունական աղոթքով եւ օրհնանքով սկսվեց ծրագիրը:


Օրվա կապակցությամբ ներկաներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նախ շնորհավորեց ներկաներին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ հայ ժողովրդի հաղթանակները շարունակական են եւ առկա են բոլոր բնագավառներում: Այդ հաջողությոնների մեջ նա առանձնացրեց այն ձեռքբերումները, որ իրականացվել են Ուջան գյուղում` սկսած 2008 թվականի փետրվարից: Այդ օրը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ուջան, որը բեկումնային եղավ համայնքի համար: Նախագահի տված խուստումները հերթականությամբ իրականություն դարձան: Դրանցից են գյուղում ոռոգման եւ խմելու ջրերի ներքին ու արտաքին ցանցի , մանկապարտեզի, դպրոցի, բժշկական ամբուլատորիայի վերանորոգման ծրագրերը:


Դառնալով օրվա խորհրդին, մարզպետն ասաց, որ մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ մենք նշում ենք մեր ազգային էպոսի` ՙՍասնա ծռերի՚ օրը: Էպոս, որը մի ողջ ժողովրդի ստեղծագործությունն է, նրա մտքի, ոգու եւ էության արտահայտությունը: Էպոսի մեջ, հիրավի, մարմնավորվում է մի ողջ ժողովուրդ` իր լավագույն հատկանիշներով, հայրենասիրությամբ, օտար բռնակալի դեմ ըմբոստանալու, պայքարելու եւ հաղթանակելու կարողությամբ, իր նման պարզ ու հասարակ աշխատավորի հանդեպ սիրով, հանդուրժողականությամբ ու խաղաղասեր ոգով:


Էպոսի գեղարվեստական եւ գաղափարական արժանիքների, նրա դաստիարակչական նշանակության եւ այժմեականության մասին խոսեցին էպոսագետ, ազգագրագետ Սարգիս Հարությունյանը, բանաստեղծ Արտաշես Ղազարյանը, ագրարային համալսարանի դասախոս Ռոբերտ Հակոբյանը եւ այլոք:


Էպոսյան թեմաներով իրենց բեմականացմամբ հանդես եկավ Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցի թատերախումբը: Ողջ ընթացքում հնչեց ազգային երգ-երաժշտություն: Ելույթներ ունեցան Երեւանի ճարտարագիտական համալսարանի <Սասուն>, Ն. Բազմաբերդի <Գորանի>, Ն. Սասնաշենի < Անդոկ> ազգագրական երգի- պարի համույթները, անհատ այլ կատարողներ:
Հանդիսության ավարտին <Էպոսյան օրեր> ծրագրին լավագույնս աջակցելու եւ մասնակցություն ցուցաբերելու համար ՙՙՍասնա տուն՚՚՚ հասարակական կազմակերպության նախագահ Ավագ Ավագյանը հանձնեց  մրցանակներ, պատվոգրեր եւ շնորհակալագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34