Նորություններ
Կայացավ մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը
26.09.2011
Սեպտեմբերի 26-ին Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: Նոր կայքերը պատրաստվել են <Ինֆորմացիայի ազատության կենտրոն> հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց> ծրագրի շրջանակում` ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները, բոլոր` 10 մարզերի աշխատակազմերի ղեկավարները, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինների պատասխանատուները, կայքի ստեղծման հեղինակները:
ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ժամանակակից տեխնիկական լուծումները հնարավոր են դարձրել մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Նա հույս հայտնեց, որ արդիականացված կայքերը կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետարանների, այլեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու որոշումներին` նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը:
Նոր կայքերի կապակցությամբ ողջունեցին նաեւ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգելդյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Ստիվեն Բրագերը: Նրանք եւս կարեւորեցին նոր կայքերն` իբրեւ մարզպետարանների գործունեության հրապարակայնությանն եւ հանրային իրազեկման թափանցիկությանը նպաստող լավագույն գործիք:
<Ինֆորմացիայի ազատության կենտրոն> հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանն էլ մատնանշեց, որ կայքերում տեղադրված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարեւորություն ունեն: Կայքերի այցելուները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, առցանց հետեւել իրենց հարցումներին, նամակներին եւ դիմումներին, ինչը որ մեծ առավելություն է մինչ այժմ եղած կայքերի նկատմամբ:
Կայքի տեխնիկական հնարավորությունները ներկայացրեց <Հելիքս կոնսալտինգ> ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը: Այս ընկերությունն է կայքի մշակող ու պատրաստող կազմակերպությունը: