Նորություններ
Տրամադրվեցին հաշմանդամության սայլակներ
23.09.2011
Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող 20 մարդ օգտվեց <Փյունիկ> հասարակական կազմակերպության կողմից տրամադրվող սայլակներից: Նրանք Աշտարակ, Թալին, Վարդենուտ, Ակունք, Սարալանջ, Կոշ, Աղձք, Ուշի, Բազմաղբյուր, Օշական, Վ. Սասնաշեն համայնքներից էին:
Սեպտեմբերի 23-ին կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ նրանց կամ նրանց խնամող անձանց ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծանոթանալով նրանց առողջական, սոցիալական խնդիրներին, սայլակներից բացի, նա առավել կարիքավորներին հատկացրեց նաեւ դրամական օգնություն:
Հանձնելու գործընթացը հեշտացնելու նպատակով, սայլակները նախօրոք բերվել էին մարզպետարան, որտեղից էլ հասցեատերերը ստացան դրանք: Իսկ շահառուների ընտրությունը կատարվել էր հաշմանդամների խնդիրներով զբաղվող մարզային հանձնաժողովում, որտեղ նախապես քննարկվել էին հաշմանդամության աստիճանը, սոցիալական պայմանները եւ այլ հատկանիշներ: Նրանց մեջ տարիքային սահմանափակումներ չէր դրվել. ամենակրտսերը 6, իսկ ավագը` 76 տարեկան էր:
Հաշմանդամություն ունեցողներին ցուցաբերվող աջակցությունը մարզպետարանի կողմից պարբերաբար է կատարվում: Առաջիկանում նրանց համար կբերվեն հենակներ, քայլակներ, անհրաժեշտ այլ պարագաներ: