Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ
20.09.2011
Սիրելի հայրենակիցնե’ր
Այսօր տոն է Հայոց աշխարհում: Համայն հայությունը մեր երկրում, Արցախում և ի սփյուռս աշխարհի նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը: Հոբելյան, որը նվիրական ու սրբազան է մեզանից յուրաքանչյուրի համար:
Ընդամենը երկու տասնամյակ է անցել այն պատմական ժամանակաշրջանից, երբ իրողություն դարձավ մեր պապերի ու նախապապերի դարավոր երազանքը: Հռչակվեց ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայոց նորագույն պատմության մեջ մի նոր փուլի սկիզբ դրվեց` արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքն ու նպատակները:
Բազում դժվարությունների, մեր քաջարի ազատամարտիկների հերոսացման, ողջ ժողովրդի միասնական ուժով ձեռք բերված անկախությունն այսօր իրողություն է, և մենք ազգովի ապրում ենք հայոց պատմության ամենափառահեղ ու լուսավոր ժամանակաշրջանը:
Անկախության նպատակների ու հիմնարար սկզբունքների կենսագործմանն ուղղված` մեր պետությունը վստահ առաջ է ընթանում, հավաստելով համամարդկային արժեքներին իր հավատարմությունն ու տարեցտարի ամրապնդելով մեր պետականության հիմքերը: Եվ այդ ընթացքն, անկասկած, պայմանավորված է մեր երկրի ղեկավարի` նախագահ Սերժ Սարգսյանի ազգանպաստ գործունեությամբ, նրա վարած ներքին ու արտաքին հստակ, հետևողական քաղաքականությամբ:
Անկախության 20 տարիները լայն հնարավորություններ են ստեղծել քաղաքակիրթ աշխարհի հետ համընթաց քայլելու, այլ պետությունների հետ իրավահավասար փոխհարաբերություններ հաստատելու, այդ ամենի հետ մեկտեղ մեր ինքնությունը պահպանելու, ազգային նվիրական իղձերն ու երազանքները իրականացնելու համար:
Այդպիսի վճռականությամբ և միասնական ջանքերով այսօր ամենքս ի զորու ենք պահպանելու մեր անցած ճանապարհի ձեռքբերումները, օր օրի դրանց հավելելով նորերը` ի շահ մեր պետականության ամրապնդման, ի շահ մեր անկախ երկրի կայունության և խաղաղության հարատևման:
Ի սրտե շնորհավորում եմ ամենքիս` Անկախության տոնի առթիվ: Անսահման բարիք, հաջողություններ, երջանիկ և լուսավոր ապագա քեզ` ազատ և անկախ 20-ամյա Հայաստանի Հանրապետություն: