Նորություններ
Հիմնանորոգվեցին Թալինի պոլիկլինիկան եւ Ն. Սասնաշենի մանկապարտեզը
05.09.2011
Սեպտեմբերի 2-ին շահագործման հանձնվեց Արագածոտնի մարզի Թալինի պոլիկլինիկան: Այն իրականացվել է ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից:
Հանդիսավոր բացմանը ներկա էին իրենք` ծրագրի հեղինակները, հյուրեր մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց ծրագրի իրականացումը, քանզի բուժական այս հաստատությունը առաջնային եւ մասնագիտական բուժսպասարկում է իրականացնում տարածքի 17.000 բնակիչներին, եւ այսուհետ այդ ծառայությունը նա կմատուցի էապես բարեփոխված հարավորություններով:
Ամերիկյան կողմը եւս ողջունեց ծրագրի ավարտը: Նշվեց, որ Թալինի պոլիկլինիկայում սա իրենց կողմից իրականացրած երրորդ ծրագիրն է: 2005 թվականին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը վերանորոգել է Բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը, իսկ 2007 թ-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի կողմից վերանորոգվել է մանկական բաժանմունքը:
Հյուրերը այցելեցին նաեւ Ն. Սասնաշեն, մասնակցելու մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի նորոգումը եւս իրականացվել է ԱՄՆ դեսպանության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից:
Ողջունելով հանդիսավոր արարողության մասնակիցներին, համայնքապետ Անդրանիկ Շամոյանն ասաց, որ ամերիկյան կողմի հետ իրենց համագործակցությունը վաղուց է սկսվել: Տարբեր տարիներին նրանց կողմից այստեղ խմելաջրի ներքին ցանցն է վերանորոգվել, դպրոցում համակարգչային դասասենյակ է ստեղծվել: Հերթականը մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն էր, որի ընտրությունը կատարվել է հենց համայնքի առաջարկությամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 425,000 դոլար: Շինարարական աշխատանքներն իրականացրել է ՍԵՍԿՈ կազմակերպությունը, իսկ իբրեւ աշխատուժ օգտագործվել է տեղացիների ուժերը: Վերանորոգման շրջանակում փոխվել են շինության տանիքը, բոլոր պատուհանները, դռները, հոսանքալարերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, սանհանգույցները, հատակը: Կատարվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ:
Ծրագրին իր մասնակցությունն է ունեցել նաեւ <Վորլդ Վիժն-Հայաստան> բարեգործական կազմակերպությունը, որն ամբողջությամբ հոգացել է մանկապարտեզի կահավորման խնդիրը:
Հիմնանորոգված մանկապարտեզը սպասարկում է շուրջ 100 երեխայի: Նրանք ոչ միայն ն.սասնաշենցիներն են, այլեւ գալիս են հարեւան համայնքներից: