Նորություններ
Արագածավան համայնքում վերանորոգվել է կենտրոնական ճանապարհը
25.08.2011
Արագածոտնի մարզի ամենամեծ համայնքներից մեկում` Արագածավանում շահագործման հանձնվեց գյուղամիջյան ճանապարհը: 6 հազար բնակիչ ունեցող այս գյուղում կենտրոնական փողոցի մի հատվածի վերակառուցումն իրականացվել է մարզպետարանի, համայնքապետարանի եւ Հայաստանի մանուկների հիմնադրամի աջակցությամբ:
Նորաբաց ճանապարհահատվածն իր յուրահատկություններով ու նոր լուծումներով լիովին տարբերվում է ճանապարհաշինության ավանդական եղանակներից: Նոր մոտեցումը կայանում է նրանում, որ ճանապարհը կառուցված է ոչ թե ասֆալտապատման եղանակով, այլ շարված է բազալտե քարակտորներով: Դրա համար օգտագործվել են գյուղի շրջակա հողատարածքներում գտնվող բազալտե բեկորները եւ հողերի մելիորացման ժամանակ կուտակված քարը: Այլ նպատակների համար անօգտագործելի, տձև քարաբեկորները հատուկ հարմարեցված քար կտրող հաստոցով մեջտեղից կտրվել են, որի արդյունքում ստացվել է երկու օգտագործելի քարակտոր, որը եւ հանդիսացել է ճանապարհի կառուցման հիմնական հումքը:
Հատկապես գյուղերում նման ճանապարհների կառուցումն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ բնապահպանական ու սոցիալական առավելություններ, ուստի նման ճանապարհների կառուցումը կլինի շարունակական կլինի: