Նորություններ
Արագածոտնում հացահատիկի առատ բերք կա
24.08.2011
Այս տարվա գարնանը կառավարության կողմից Արագածոտնի մարզին հատկացվեց 200 տոննա առաջին վերարտադրության, 120 տոննա ՙԷլիտա՚ տեսակի գարնանացան գարու եւ 4,7 տոննա եգիպտացորենի սերմացու: Առաջին վերարտադրության սերմացուն տրվել է 43 համայնքի, որից օգտվել է 1764 շահառու: ՙԷլիտա՚ տեսակի շահառուների թիվը 811 է: Այն հատկացվել է առավելապես բարձր լեռնային եւ լեռնային գոտում գտնվող 42 համայնքի:
Սերմացուի ողջ տեսականին ցանվել է ընդհանուր առմամբ 1600 հեկտար ցանքատարածության վրա: Բոլոր շահառուների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, համաձայն որի ներկայումս ընթանում է գումարները վերադարձնելու գործընթացը:
Այսօր արդեն ավարտվել է առաջին վերարտադրության գարնանացան գարու բերքահավաքը, եւ բոլոր շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնում ստացված բերքի թե’ քանակի, թե’ որակի կապակցությամբ: Մեկ հեկտարի բերքատվությունը կազմել է շուրջ 25-40 ցենտներ: Իսկ ՙԷլիտա՚-ի բերքահավաքը կավարտվի սեպտեմբերի կեսին :
Մարզում հացահատիկի ցանքատարածություններն, ընդհանուր առմամբ, կազմում են 22 հազար 334 հա: Օգոստոսի 20-ի դրությամբ արդեն հնձվել է 7450 հա. ցորենի եւ 8950 հա. գարու դաշտ: Միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է մոտ 24-35 ցենտներ: Այս ցուցանիշն արդեն իսկ վկայում է, որ հացահատիկի բերքն այս տարի մարզում առատ է:
Միաժամանակ մասամբ սկսվել է աշնանացանի գործընթացը: Սերմացուի հարցում սեփականատերերը կրկին աջակցություն կստանան: Նրանց կհատկացվի 2010 թվականին տրամադրած ՙէլիտա՚ տեսակի ցորենից ստացված առաջին վերարտադրության սերմացուն` 282 տոննայի չափով: Սերմացուի հատկացման այս ծրագիրը շարունակական է, որի արդյունքում 3-4 տարվա ընթացքում հացահատիկագործները սերմացուի խնդիր գրեթե չեն ունենա: