Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կիսանդրու բացում

28.07.2011

 

Արագածոտնի մարզի Օշական համայնքում գործում է երկու մանկապարտեզ: Դրանցից մեկում`ՙԳայանե՚-ում, հանդիսավոր արարողություն էր: Առիթը մանկապարտեզի բակում Գայանե Համբարձումյանի կիսանդրու բացումն էր: Նրա` ում անվամբ կոչվում է մանկապարտեզը:

Իր աշխատանքային կենսագրության տարիների մեծ մասը Գայանեն նվիրել է մանկապարտեզի կայացմանն ու գործունեությանը: Իսկ կրթօջախի դժվարին տարիներին, երբ 1981 թվականին կառուցված ու երբեւէ չվերանորոգված մանկապարտեզը լիովին քայքայվել էր եւ, սկսած 2003 թվականից, այլեւս անկարող էր ծառայել նպատակին, Գայանե Համբարձումյանը չդադարեց ապրել իր ղեկավարած կրթօջախի ճակատագրով: Նա գործադրեց բոլոր հնարավորությունները, գործնական նախաձեռնողականությունը, որպեսզի այն վերստին վերականգնի աշխատանքը: Մանկապարտեզի վերածնունդին, ցավոք, Գայանեն ականատես չեղավ: Վաղահաս մահը, սակայն, չհեռացրեց նրան շրջապատի, իր մտերիմների, համագյուղացիների հիշողությունից: Գնահատելով նրա մեծ ներդրումն ու նվիրումը գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության գործում, համայնքապետ Արամ Ներսիսյանի առաջարկությամբ ավագանին 2007 թվականին որոշում կայացրեց մանկապարտեզը անվանակոչել նրա անվամբ` ՙԳայանե՚:

Չուշացավ նաեւ հիմնանորոգման ծրագիրը: Այն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախւնտրական խոստումներից մեկն էր: 2009-2010 թվականներին ձեռնարկվեց հիմնանորոգումը, որի արդյունքում նորոգվեց մանկապարտեզում բացառապես ամեն ինչ: Եվ 2010 թ. սեպտեմբեր ամսից հիմնանորոգված մանկապարտեզը վերստին բացեց իր դռները: Երկհարկանի կառույցն այժմ ունի ժամանակի պահանջներին համապատասխան բոլոր հնարավորությունները: Այստեղ չորս խմբում 65 երեխա է հաճախում, իսկ աշխատողների թիվը 20 է:

Նրանց եւ մարզկենտրոնից ու մայրաքաղաքից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Գայանեի կիսանդրու բացումը: Հնչեցին մտերիմների, աշխատանքային ընկերների, համագյուղացիների կողմից ասված հիշատակի խոսքեր, որոնք բնութագրում էին Գայանե Համբարձումյանի մարդկային արժանիքներն ու առանձնահատկությունները: Նշվեց, որ այդ ամենը ամբողջովին արտահայտվում է քանդակագործ Աշոտ Մարկոսյանի հեղինակած կիսանդրու մեջ:

Կիսանդրու բացման արարողության օրը պատահական չէր ընտրված: Այդ օրը` հուլիսի 23-ին, Գայանեի ծննդյան տարեդարձն էր. լրացավ նրա 50-ամյակը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35