Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Օշականում

25.07.2011

 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Օշականի դպրեվանքում հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է արտագաղթի թեմայով մի խումբ մտավորականների մտահոգություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից: Սա նաև մեր ազգի մոբիլության վկայությունն է, այսինքն մեր քաղաքացիները կարողանում են ազատորեն տեղաշարժվել, քանի որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ: Պետք է ընդգծել նաև, որ արտագաղթին նպաստող մյուս գործոնն էլ աշխատատեղերի անբավարար թիվն է: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ գործոնը արտագնա աշխատանքի մեկնելու՝ աշխատատեղերի բացակայությունն է: Այսինքն, արտագաղթի երկու հիմնական խնդիրները սրանք են,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա՝ տարեկան միգրացիոն բացասական հոսքերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 1991-1995 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան 200 հազարի: «Սա օբյեկտիվ և հասկանալի է՝ պայմանավորված երկրի այն ժամանակվա սոցիալ-տնտեսական իրավիճակով, երբ երկրում կտրուկ կրճատվում էին աշխատատեղերը, ինչի արդյունքում մեր քաղաքացիները ստիպված լքում էին հայրենիքը՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար: 1996-97 թթ.-ից հետո, երբ երկրում ապահովվեց մակրոտնտեսական կայունություն, սկսվեցին գրանցվել տնտեսական աճի ցուցանիշներ՝ երկիրը լքողների բացասական սալդոն հասավ տարեկան 50-60 հազարի: Իսկ 2004-2006 թթ-ին այն հասավ զրոյական մակարդակի, նույնիսկ արձանագրվեց միգրացիոն հոսքերի դրական սալդո: 2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո՝ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվելով 4-5 հազարի շրջանակներում, - ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն ակնառու է եղել արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի պարագայում, քանի որ 2009 թ. մեր երկիրը գրեթե չի ունեցել այդ նպատակով մեկնողներ: «Սա կապված էր Ռուսաստանում աշխատանքի բացակայության հետ: 2010 թ. ՌԴ-ում իրավիճակի բարելավման հետևանքով կրկին վերսկսվել են նման հոսքերը, կտրուկ ավելացել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում տարեկան կտրվածքով մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 60 հազարի: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրել ենք, որ այս առումով վերականգնվել է 2007 թ. ցուցանիշը, - նշել է վարչապետը:

Ըստ նրա՝ վիճակագրության հետ աշխատելիս պետք է զգուշավոր լինել և հաշվի առնել արտագնա սեզոնային աշխատանքի մեկնելու երեույթը: «Վերը նշված դինամիկան որոշակի թյուրիմացության մեջ է գցել նաև որոշ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ահազանգում են, թե այս տարի արտառոց արտագաղթ է տեղի ունենում: Սակայն միգրացիոն ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դինամիկ երևույթները կապված չեն հայրենիքը մշտապես լքողների հետ: Դա առաջին հերթին պայմանավորված է ժամանակավոր աշխատանքի մեկնողների՝ 2007-2008 թվականների ցուցանիշի վերականգնման հետ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե խոսքը գնա տարեկան մեր երկիրը լքող 2500-3000 մարդու մասին՝ այս երևույթը մեզ մտահոգող լրջագույն խնդիրը կրկին կհանդիսանա - ընդգծել է կառավարության ղեկավարը:

ՀՀ կառավարությունը 2010-ի դեկտեմբերին հաստատել է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, որտեղ հստակ ֆիքսվել են կառավարության թիրախները և նպատակները: «Առաջին հերթին միգրացիոն քաղաքականությունը պետք է ծառայի ազգագրական և ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Մենք պետք է կարողանանք կասեցնել միգրացիոն բացասական սալդոն և հասնենք դրական ցուցանիշների: Այդ նպատակին է միտված նաև Սփյուռքի նախարարության ձևավորումը, որը մշակել է մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց նպատակն է՝ ամրապնդել սփյուռքահայության հետ կապը, ստեղծել աշխատատեղեր և համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան ժամանել Հայաստան: Այդ նպատակով կառավարությունը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել հայրենադարձության վերաբերյալ օրենք, որով պետությունն ստանձնելու է պարտավորութուններ՝ մեր հայրենակիցների նկատմամբ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նրանց ադապտացումը մեր երկրի պայմաններին լինի հնարավորին չափ հեշտ և կարճ ժամկետում - ասել է Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով սահմանամերձ շրջաններին՝ վարչապետը նշել է, որ դրանք ևս կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ տեսանկյունից տարածքային համաչափ զարգացումը ծրագրային գերակա ուղղություններից է: «Ֆինանսական միջոցները բաշխելիս նախապատվությունը պետք է տանք ոչ թե Երևանին, խոշոր քաղաքներին, այլ համայնքներին: Բանկերը ցածր տոկոսադրույքներով՝ արտոնյալ պայմաններով և պետության սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկեր պետք է տրամադրեն առաջին հերթին անապահով համայնքներին, - ասել է վարչապետը:

Խոսելով ծնելիության խթանման վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ վերջին 5 տարիների ընթացքում այս բնագավառում պետության կողմից իրականացվել են լրջագույն ծրագրեր: ՙԾննդօգնությունը Հայաստանում դարձել է անվճար, իսկ կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի: «Մենք այստեղ ունենք լրջագույն հաջողություն, որն արձանագրել են հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերը գնահատող միջազգային կազմակերպությունները: Ավելացվել են նաև երեխաներին հատկացվող նպաստները՝ նույնիսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ, - նշել է վարչապետը:

Գրողները վարչապետին են դիմել հանրապետությունում գրախանութների թվի նվազման, ժամանակակից հայ գրականության շուրջ առկա խնդիրների վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը կարևորել է դրանց լուծմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մշտապես ընթերցել գրականություն՝ սեփական ինտելեկտը և գիտելիքները բարձրացնելու նպատակով:

Նշենք, որ «Ես գրքի բարեկամն եմ» խորագրով անցկացված հեռուստամարաթոնին աջակցելու համար Տիգրան Սարգսյանը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանից ստացել է «Գրական բարերար-ի դիպլոմ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14