Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Օրգով

Մակերես` 11.1կմ2

Բնակչություն` 511

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք: Նախկինում ունեցել է Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի անվանումները: 

Գյուղից արեւմուտք պահպանվել են կիկլոպյան ամրոցի` մ.թ.ա. II-I հազարամյակ եւ կից բնակավայրի մնացորդներ: 
Գյուղը տեղադրված է Արագած լեռնազանգվածի հարավ-արեւելյան փեշերին, Ամբերդ գետի հովտում: Ծովի մակարդակից ունի 1630 մ բարձրություն: Քիչ հարավ-արեւելք գտնվում է Խաչավանք կոչվող սարահարթը: Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը` -4,-5-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 54, 1897 թ-ին` 380, 1939 թ-ին` 390, 1959 թ-ին` 426, 1979 թ-ին` 354, 1989 թ-ին` 443 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 593 մարդ, որից 48% տղամարդիկ են, 52%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 20%, աշխատունակները` 56%, հետաշխատունակները` 24%: Գյուղն ունի 219 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 185 հա, վարելահողեր` 2հա, խոտհարքեր` 5 հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: 
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 17:30:31