Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Օշական

Մակերես` 16.96կմ2

Բնակչություն` 5106

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արեւմուտք: Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները:

Ըստ ավանդության` նահապետ Նոյն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականի սքանչելի վայրերը ջրից ազատված եւ բացականչում են.՚Օշ ականՙ, այսինքն` ՚Երանի մեր աչքերինՙ: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում` Օշականը եղել է նրանց սեփականությունը: Ըստ Կորյունի նկարագրության, այստեղ գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները: Ամատունիներից Վահան իշխանը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական եւ ամփոփում այնտեղ: Երեք տարի անց`442-443 թթ. գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը հիմնովին վերաշինվում է 1875-1879 թթ.: Գյուղի շրջակայքում է գտնվում Օշականի բերդ-ամրոցի ավերակները` մ.թ.ա. 7-5-րդ դարեր: Արեւելյան կողմում գտնվում է Թուծ մանուկ մատուռը, իսկ հարավ-արեւմուտքում` ս. Սարգիս մատուռը: 
Գյուղը տեղադրված է Քասաղ գետի հովտում: Գտնվում է ծովի մակարդակից 1020 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում, հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
1831 թ-ին գյուղն ունեցել է 611, 1897 թ-ին` 2244, 1939 թ-ին` 3373, 1959 թ-ին` 3934, 1979 թ-ին` 5044 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 5668 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 26%, աշխատունակները` 58%, հետաշխատունակները` 16%: Ունի 2 դպրոց, երաժշտական դպրոց, գրադարաններ, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ: Գյուղն ունի 2125 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Համախառն արտադրանքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու եւ խաղողի այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Գյուղացիական սեփականություններում վարելահողերը զբաղեցնում են 314հա, պտղատու եւ խաղողի այգիները` 123 հա մակերես: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 27%, դրանցից արոտավայրերը կազմում են 152հա, վարելահողեր` 69հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, զարգացած է կաթնամսատու ուղղությունը:
Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կառուցվել է գինու գործարանը: Այստեղ արտադրվում է ՚Խերեսՙ տիպի գինիներ, նմանատիպ գինիների միակ արտադրողը: Արտադրանքը սպառվում է Հայաստանում եւ արտերկրում: Գյուղում կառուցված է մսամթերքի արտադրության ձեռնարկություն: 
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27