Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կոշ

Մակերես` 28.8կմ2

Բնակչություն` 2756

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 18 կմ արեւմուտք: Ընկած է Աշտարակ-Թալին ավտոխճուղու աջ կողմում: Նախկինում ունեցել է Գոշ, Կավաշ, Կվաշ, Կուաշ անվանումները:
Հարուստ է պատմամշակութային կոթողներով: Հնում կոչվել է Կուաշ եւ մտել է Մեծ հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Ըստ ավանդության այստեղ բնակություն է հաստատել աստվածաշնչյան Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը: Հիշատակվում է Փավստոս Բյուզանդի (4-րդ դար), ապա Մովսես Խորենացու կողմից, ըստ որի Կոշում է ապրել կուրացած Տիրանը, որը խեղդամահ է արվել որդու` Արշակ II կողմից: Գյուղի մոտակայքում է գտնվում Կոշավանքը, ս. Ստեփանոս եկեղեցին` կառուցված 7-րդ դարում:
Գյուղը գտնվում է Արագածի լանջերին, Շամիրաամի սարավանդում` ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Ունի տուֆի, բազալտի, ավազի եւ կավի հանքավայրեր: Հարուստ է աղբյուրներով, որոնք օգտագործվում են խմելու, իսկ ոռոգման նպատակով օգտագործվում են Ամբերդի ջրանցքի ջրերը:
1831 թ-ին գյուղն ունեցել է 90, 1897 թ-ին` 163, 1939 թ-ին`1218, 1959 թ-ին` 1843, 1979 թ-ին` 1983 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 3141 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 38%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 44%, հետաշխատունակները` 28%: Գյուղն ունի 897 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր: Քաղաքացիների սեփականություններում վարելահողերը կազմում են 609 հա, խաղողի այգիները` 116 հա, պտղատու այգիները` 42 հա: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 343 հա, մոտ 173 հա` վարելահողեր: Զբաղվում են դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-29 15:51:27