Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արուճ

Մակերես` 21.26կմ2

Բնակչություն` 1016

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում: Նախկինում ունեցել է Արուճավան, Արուջ, Թալիշ, Ուռուջ անվանումները: 1970 թ.-ից վերանվանվել է Արուճ: Ընկած է Աշտարակ քաղաքից 21կմ արեւմուտք:
Տարբեր ժամանակներում Արուճը հիշատակվում է իբրեւ դաստակերտ, գյուղաքաղաք: Հիշատակվում է 5-րդ դարից: 7-րդ դարում Գրիգոր Մամիկոնյան իշխանը կառուցել է Արուճի մայր եկեղեցին: Կառուցվել է բերդ`13-14 դարերում: Գյուղի հյուսիսում գտնվում է Արուճի քարավանատան մնացորդները: Արշակունիների թագավորության օրոք եղել է արքայական զորակայաններից մեկը:
Ռելիեֆը քարքարոտ է, մասնատված: Ունի մեծ քանակությամբ տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1220 մ բարձրության վրա: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում, հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների:
1897 թ.-ին ունեցել է 636, 1926 թ.-ին` 383, 1939 թ.-ին` 658, 1970 թ.-ին` 801 բնակիչ: Բնակիչները բնիկ են, միայն մի քանի ընտանիքներ եկել են Բայազետից 1828-29 թթ.:Համայնքի բնակչությունը կազմում է 1111 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 43%, հետաշխատունակները` 27%: Գյուղն ունի 340 տնտեսություն: Ունի բուժկետ, կապի հանգույց, դպրոց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերն ու արոտավայրերը` կազմելով համապատասխանաբար 740 հա և 765 հա: Պտղատու եւ խաղողի այգիները զբաղեցնում են մոտ 96 հա:
Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ: Զբաղվում են կաթի մշակմամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 10:37:25