Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ագարակ

Մակերես` 5.74կմ2

Բնակչություն` 2018

Գյուղ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 6 կմ արեւմուտք, Երեւան-Գյումրի ավտոխճուղու վրա: Նախկինում կոչվել է Ագարակ, Ակերակ, Ակերան:
Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը: Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները` կառուցված 7-րդ դարում: Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արեւելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա: Ունի տուֆի եւ ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26 աստիճանի սհմաններում, հունվարյանը` -4: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների:
Գյուղի բնակչությունը 1915-1916թթ Վանից, Գավաշից, Բիթլիսից գաղթածներն են: 1897 թ-ին ունեցել է 603, 1926 թ-ին` 550, 1939 թ-ին`701, 1979 թ-ին`1150 բնակիչ: Գյուղն ունի 667 տնտեսություն:Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ:
Գյուղատնտեսական հողահանդակներից վարելահողերը կազմում են 159 հա, պտղատու եւ խաղողի այգիները` մոտ 5 հա: Արոտավայրերը կազմում են 46 հա, որոնք պահուստային հողերն են:Տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ: Մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ:
Զարգացած է կաթնամսատու անասնաբուծությունը, թռչնաբուծությունը: Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը: Այստեղ է գտնվում ՙԱշտարակ կաթ՚ ձեռնարկությունը, որը մասնագիտացել է կաթնամթերքի և պաղպաղակի արտադրությամբ: Արտադրվում է նաեւ ՙԼոռի՚ տեսակի պանիր: Արտադրանքը մեծ մասամբ սպառվում է Երեւան քաղաքում:
Համայնքի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-18 11:39:59