Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 Համայնքների բնակչության թիվը ներկայացված է  առ 01.07.2019 թ:

Ապարան համայնք

Բնակչություն` 24872

Ապարանը խոշորացված համայնք է, իր մեջ ներառում է Ապարանի տարածաշրջանի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ,Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն,Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան,Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ,Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Մելիքգյուղ բնակավայրերը:

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարան է վերանվանվել 1935 թ։ Մինչեւ 1995 թ. եղել է քաղաքատիպ ավան եւ Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թ. վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ Համայնքը  գտնվում է Երեւան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Երեւան քաղաքից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր, իսկ մարզկենտրոնից 32 կիլոմետր դեպի հյուսիս։ Ըստ ժողովրդական ստուգաբանության անվանումը ծագել է ՙԱպարանք՚ անունից։ Սակայն գոյություն ունի մեկ այլ տարբերակ եւս։

Ըստ ավանդության ՙԱպարան՚ անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։

Ապարանն առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ դար) Կասալա անվանումով։ Հնում այն կոչվել է Քասաղ եւ եղել է Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ է 5-րդ դարում կառուցվել է Քասաղի ս. Խաչ հռչակավոր բազիլիկ եկեղեցին։

Ապարանը հայտնի է իր Բաշ Ապարանի հերոսամարտով, երբ 1918 թ. մայիսին հայ հայրենասերները այստեղ պարտության են մատնում թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու(Սպիտակ)-Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երեւան։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արեւելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տեւական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը` մինուս 6-8 աստիճանների միջեւ ըստ Ցելսիուսի սանղակի։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են։ 1831 թ. ունեցել է 386, 1873 թ` 1353, 1914 թ.` 2337, 1931 թ.` 2666, 1959 թ.` 2662, 1979 թ.` 5990 բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ©) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից եւ Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաեւ եզդիներ։

 Տնտեսության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաեւ սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման եւ պանրի արտադրության գործարան։

Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր եւ արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 տոկոսը։  Համայնքում նաեւ զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաեւ բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաեւ անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։


Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։

Այցելեք համայնքի ինտերնետ կայքը http։//aparan©am հասցեով։
 

 ինդեքս՝ 0301

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14