Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ուջան

Մակերես` 19.47կմ2

Բնակչություն` 2758

 Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 13 կմ արեւմուտք: Նախկինում հայտնի է եղել Վժան անունով: Գյուղի մոտ հայտնաբերված է արձանագրություն, որտեղ նշված է, որ գյուղի անվանումը պայմանավորված է լեռներից սրընթաց վժացող առվակի հետ: Օտարների այլափոխված արտասանության հետեւանքով Վժանը դարձել է Ուջան:

Ըստ պատմական որոշ աղբյուրների 895 թ-ին այստեղ իր բանակով կանգ է առել Սմբատ I Բագրատունի թագավորը, որը ճակատամարտել է արաբ ոստիկանի հետ եւ հաղթանակ տարել:
Գյուղն ընկած է Արագած լեռնազանգվածի հարավային լանջերին, կրկեսաձեւ գոգավորությունում: Ծովի մակարդակից ունի 1150 մ բարձրություն: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, չափավոր ցուրտ ձմեռներով: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 25-26-ի սահմաններում , հունվարյանը` -4 է: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են, որոնք ոռոգման արդյունքում ձեւափոխվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների: 
Բնակչության մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից` Սասունից եւ այլ բնակավայրերից: 1831 թ-ին ունեցել է 62, 1897 թ-ին` 444, 1939 թ-ին` 978, 1959 թ-ին` 1514, 1979 թ-ին` 1858, 1989 թ-ին` 2344 բնակիչ: Գյուղի բնակչության թիվը կազմում է 3012 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 27%, աշխատունակները` 58%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 1103 տնտեսություն: Ունի դպրոց, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, հիվանդանոց: 
Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 70%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 500հա, վարելահողեր` 79հա, բազմամյա տնկարկներ` 29հա, խոտհարքեր` 190հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-25 10:02:40