Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ակունք

Մակերես` 19.07կմ2

Բնակչություն` 672

Գյուղ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու եւ մտել է Երեւանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ: Վերանվանվել է Ակունք 1941 թ-ից: Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով եւ աչքերը իբրեւ առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը:
Նախկինում մտել է Երեւանի նահանգի Էջմիածնի գավառի, իսկ 1972 թ-ից` Արագածի շրջանի մեջ: Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաեւ կիկլոպյան բերդի ավերակներ եւ խաչքարեր, ունեցել է նաեւ Սուրբ Ստեփանոս(789 թ.) անունով եկեղեցի:
Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավ-արեւմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում եւ շրջափակված է հյուսիսից աղեղնաձեւ դեպի արեւելք եւ դեպի արեւմուտք ձգվող լեռնաբլուրներով:Գ յուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Հարուստ է հանքային աղբյուրներով:
1929-1932 թթ. այստեղ բնակություն են հաստատել Մուշից, Ալաշկերտից եւ Կարսից, Պարսկաստանից` Խոյ գավառից գաղթած հայերը: 1831 թ-ին ունեցել է 64, 1873 թ-ին` 526, 1916 թ-ին` 1098, 1959 թ-ին` 789, 1979 թ-ին` 644 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 653մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք` 51%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 51%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի 238 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ:
Գյուղատնտեսական հողահանդակները հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր: Պահուստային հողերի 84% արոտավայրերն են, առավել փոքր մակերես են զբաղեցնում վարելահողերը, խոտհարքերը եւ պտղատու այգիները: Զբաղվում են ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, կաթի վերամշակմամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ: Արդյունաբերական ձեռնարկություններ չունի: Համայնքի գլխավոր հիմնախնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 10:37:25